Հայաստանը 2022 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն ամփոփում է 14,2 տոկոս աճով: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022-ի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները: 12 ամսում բարձր աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում, անգամ գյուղատնտեսությունում, որտեղ նախորդ ամիսներն անկումային էին:
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է՝ 68.6 տոկոս, արտահանումն աճել է 77,7, իսկ ներմուծումը՝ 63,5 տոկոսով: Ծառայությունների ծավալն աճել է 28,2 տոկոսով, շինարարությանը՝ 12,5, առևտրի շրջանառությունը՝ 17, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7,8 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16.1, իսկ գյուղատնտեսությունը 0.4 տոկոսով: Միջին ամսական աշխատավարձն աճել է՝ 15,5 տոկոսով՝ կազմելով 235 հազար 576 դրամ, ընդ որում՝ պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 4,3, իսկ մասնավորում՝ 19 տոկոս: Սպառողական գնաճը տարվա կտրվածքով կազմել է 8,6, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2,6 տոկոս:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդդիմախոսները հատկապես նշում են, որ արտահանման 77,7 տոկոսի մեջ զգալի մասը նաև ներկրվել, արտահանվել է: Այո, կա այդպիսի բան, բայց դա վատ բան չի, կարևորը, մենք հավելյալ արժեք ենք ստեղծել, հարկվել է՝ ներկրվելուց, արտահանվելուց լրացուցիչ շահույթի արդյունքում մենք լրացուցիչ հարկեր ենք գեներացրել»:
Փորձագետի գնահատմամբ երկնիշ աճ գրանցելը ոգևորիչ է, սակայն պետք է հաշվի առնել, որ դրա վրա կարճաժամկետ գործոններ են ազդել:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Երբ որ նայում ենք հենց էս աճի կառուցվածքին, դա ինքնըստինքյան հուշում է, որ հիմնական նպաստումը եղել է արտաքին գործոնների հաշվին, այսինքն՝ պահանջարկի կտրուկ ավելացման հաշվին, որը բերել է առևտրի և ծառայությունների ճյուղերի կտրուկ հավելաճին:
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքւոմ տրանսֆերտների և այլ հավելյալ հոսքերի հնարավորություն միայն մեր երկիրը չէ, որ ունի՝ նկատում է Սերգեյ Բագրատյանը, սակայն, ըստ նրա, Հայաստանը իրավիճակին կարողացել է ճիշտ արձագանքել:
Սերգեյ Բագրատյան - Վրաստանն ունի նույն հնարավորությունները, Ադրբեջանը, մեր տարածաշրջանի մասին է խոսքը, բայց տեսեք՝ տարբեր թվեր ենք ստանում, տարբեր զարգացումներ ենք ունենում, այսինքն՝ էստեղ խիստ կարևոր է քո այն քաղաքականությունը, որով դու կարող ես մարսել այդ գումարները: Այսինքն՝ հնարավորություն տալ, որ տնտեսության մեջ դրանք կարողանան ներդրվել և լրացուցիչ արժեք ստեղծել:
Պատգամավորը հիշեցնում է, որ բարձրացվել է նաև կենսաթոշակը, և գնաճից ավելի բարձր է միջին ամսական աշխատավարձի աճը: Փորձագետները 2 մասի են բաժանում քաղաքացիների վրա տնտեսական աճի ազդեցությունը:
Հայկ Բեջանյան - Առաջինը քաղաքացիների տնօրինվող եկամտի ավելացումն է, որը մենք տարվա ընթացքում տեսել ենք թե՛ աշխատատեղերի ավելացման միջոցով և թե՛ նաև կազմակերպությունների կողմից վճարված հարկերի, այսինքն՝ շրջանառության ծավալների ավելացման միջոցով: Երկրորդ ուղղությունը արդեն ընդհանուր ուղղությունն է, որը դրսևորվում է մեր պետական բյուջեի ծավալների ավելացմամբ... Սա, բնականաբար, իր հերթին, ազդում է պետբյուջեի կողմից իրականացված ծախսերի, սոցիալական ծախսային ուղղությունների, անվտանգային ծախսային ուղղությունների վրա:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Կառավարության այս տարվա թիրախը 7 տոկոս աճն է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան