ՌԴ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՄԲ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը, որն ուղղակիորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այս տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, տրանսպորտային-լոգիստիկ, առևտրային-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը՝ հայտարարությունը տեղադրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում:
Կառույցում պատասխանել են 2022 թ. ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին: Արտգործնախարարությունից հայտնել են, որ Մոսկվան ինտենսիվ աշխատում է տարածաշրջանում կուտակված կոնֆլիկտային պոտենցիալը հաղթահարելու ուղղությամբ։ «Առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Դրա հիմքում են ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»,- ասված է հայտարարության տեքստում: Մոսկվան նպատակ ունի խթանել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի աշխատանքը: ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հարցին:
Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը մեկնարկել է 2022 թ. հունվարին՝ Ռուսաստանի հովանու ներքո, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը: Երկուսի հետ մենք մինչև օրս սերտ կապի մեջ ենք։ Ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լարվածության ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եռօրյա այցով ժամանել է Մերձավոր Արևելք: Բլինքենն այսօր Եգիպտոսում հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ, որից հետո հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարարի հետ: Լրատվամիջոցները գրում են, որ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, ներառյալ Սուդանում քաղաքական անցումը վերսկսելու փորձերին և Լիբիայում առկա քաղաքական փակուղուն: Եգիպտոսից ԱՄՆ պետքարտուղարը կուղևորվի Իսրայել, որտեղ կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Իսրայելից հետո Էնթոնի Բլինքենը կմեկնի Ռամալլա՝ հանդիպելու Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի հետ:
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՄԶԿԻԹԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է 28 ՄԱՐԴ
Պակիստանի հյուսիսարևմտյան Փեշավար քաղաքի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 28 մարդ, վիրավորվել՝ 150-ը: Մզկիթը գտնվում է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Պայթյունի ժամանակ ներսում եղել է 260 մարդ. տուժածներից շատերը ոստիկաններ են, որոնք պայթյունի պահին հավաքվել էին ամենօրյա աղոթքի: Միջադեպի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Նախնական տվյալով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՎՏԱՆԳ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հնարավոր հարձակումների մասին։ Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ներկայացուցչությունները և այլ վայրեր, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա պատմական թաղամասը, Իսթիքլալ փողոցը և Թաքսիմ հրապարակը: