ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԿԻՐԱՌԵԼ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ
Հայաստանը ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանից խնդրում է կիրառել միջանկյալ միջոցներ, որ Ադրբեջանը դադարեցնի օժանդակությունը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժը խաթարող այսպես կոչված «ցույցերին», երաշխավորի անձանց, ավտոմեքենաների անխափան շարժը, ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղ բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց: Դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն նախ ներկայացրեց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը:
Ջոան Դոնահյու (ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ) - Մեջբերում եմ՝ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակման ենթարկեց միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին կապում է արտաքին աշխարհի հետ՝ կանխելով անձանց մուտքն ու ելքը: Կրկին մեջբերում՝ շրջափակումը շարունակվում է խնդրանքի ներկայացման օրվա դրությամբ:
ԱԼԻԵՎԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է, ՈՐ ԼՂ ՀԱՅԵՐԸ ՀԵՌԱՆԱՆ. ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հայցում ընդգծվում է՝ արգելափակումն անհնար է դարձրել ծանր հիվանդների տեղափոխումը Հայաստան, արգելվել է սննդի, դեղորայքի, մարդասիրական ապրանքների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ընտանիքները բռնի բաժանվել են: Միջազգային դատական բարձր ատյանից Հայաստանի ներկայացուցիչն անհրաժեշտ համարեց անհապաղ միջոցների ձեռնարկումը:
Եղիշե Կիրակոսյան (Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնար ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Նախագահ Ալիևը դա հստակ հասկացրել է: Նա բացահայտորեն պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ այդ հողում ոչ մի հայերեն երգ չի երգվելու, և ադրբեջաներենն է իշխելու:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ: Մեկ ամսից ավելի էլ Եվրադատարանն է հրահանգել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը: Ադրբեջանն անտեսել է նաև Ստրասբուրգի դատարանի որոշումը: Կիրակոսյանը ներկայացրեց ստեղծված հումանիտար իրավիճակն ու ընդգծեց՝ մեկ անձ մահացել է բուժօգնության բացակայության պատճառով:
Եղիշե Կիրակոսյան - Ի հեճուկս այս մարդասիրական ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել ու հավերժացնել իր շրջափակումը «բնապահպանական հորինվածքների միջոցով», որին ոչ ոք չի հավատում: Ադրբեջանն այս ամենն անում է ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորության՝ երաշխավորել քաղաքացիների, ավտոմեքենաների և բեռների ապահով շարժը Լաչինի միջանցքի երկայնքով:
Միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ շրջափակումը, գազի, հոսանքի մատակարարման դադարեցումներն արվում են հատուկ: Կիրակոսյանը հիշեցրեց Ալիևի խոսքը՝ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում իրենց քաղաքացին դառնալ, ճանապարհը բաց է, կարող են հեռանալ:
Եղիշե Կիրակոսյան - Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Ղարաբաղ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից: Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Լեռնային Ղարաբաղի հայերի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀՐԱՏԱՊ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Անհրաժեշտ է հրատապ միջամտություն՝ վերջ դնելու մարդասիրական այս աղետին, հայտարարեց իրավախորհրդատու Լոուրենս Մարտինը՝ ներկայացնելով շրջափակման հումանիտար ծանր հետևանքները, Ադրբեջանի` վստահություն չներշնչող արդարացումները: Սոցցանցերի լուսանկարներում, ըստ նրա, այսպես ասած «ցուցարարները» նկարված են նաև ռազմական համազգեստով: Ենթադրյալ առաջնորդներից մեկը, ստացված տվյալների համաձայն, Ադրբեջանի բանակի հատուկ հետախուզական ծառայության սպա է:
Լոուրենս Մարտին (Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Ոչ ոք չհավատաց, որ ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանցի մի բնապահպան ֆեյսբուքում գրել է. «Ղարաբաղում բնապահպան ակտիվիստների ցույցը հորինված պատմություն է, մեկ հոգու անգամ չեմ տեսել այնտեղ, որ կհոգար բնապահպանական հարցերի մասին: Նրանք հատուկ ներկայացման մեջ դեր խաղացողներ են»: Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն. նավթի և գազի արդյունահանումը, շահագործումը աղետալի հետևանքների են հանգեցնում: Բայց, չգիտես ինչու, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը միակ տեղն է, որտեղ այսպես կոչված «էկոակտիվիստները» ցույց են անցկացնում:
ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿ. ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Հայաստանի մեկ այլ իրավախորհրդատու` Ալեքսանդր Սիսիլյանոսը, անդրադարձավ դատարանի իրավազորությանը, հայցվող իրավունքների պաշտպանությանը: Այդ իրավունքները խախտվել են ադրբեջանական շրջափակման հետևանքով. հայերը թիրախավորվում են միայն այն պատճառով, որ հայ են` չնայած 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշմամբ` Հաագայի դատարանը կոչ էր արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական հիմքով ատելության և խտրականության հրահրումը և խրախուսումը էթնիկ հայկական ծագում ունեցող անձանց դեմ:
Ալեքսանդր Սիսիլյանոս (Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Լաչինի միջանցքի շրջափակումը և դրան առնչվող միջոցները հակասում են խտրականության ընդհանուր արգելմանը: Այս ռասայական ատելությունը և ռասայական կարծրատիպերի տարածումը հստակ նպատակ են հետապնդում՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին:
ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՎԻ. ՍԱԼՈՆԻԴԻՍ
Կոստանտինոս Սալոնիդիսն էլ ընդգծեց՝ դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառել, եթե կանխակալ վերաբերմունքի հետևանքով կարող են տուժել դատական վարույթում քննվող իրավունքները կամ, եթե այդ իրավունքների ոտնահարումը կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել:
Կոստանտինոս Սալոնիդիս (Միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Իրավիճակը մնում է վտանգավոր: Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի: Եվ պետք է ապահովվի հանրային ծառայությունների անխոչընդոտ հասանելիությունը: Սա անհրաժեշտ է՝ խուսափելու մարդասիրական աղետից, որի ռիսկը օրեցօր ահագնանում է: Ադրբեջանը անտեսում է կոչերը, բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, թե դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ՝ Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը: Մարդասիրական ճգնաժամը շարունակվելու է, եթե դատարանը հրատապ չմիջամտի:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵԶ ՉԻ ԽՆԴՐՈՒՄ ԱՆՀՆԱՐԻՆՆ ԱՆԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ
Պիեռ դ՛Արժան (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Հայաստանը ձեզ չի խնդրում անհնարինն անել, Հայաստանը ձեզ դիմում է` ողջամիտ մի բան ձեռնարկել ԼՂ հայերի իրավունքները պաշտպանելու համար: Նրանք դաժան սպառնալիքի տակ են գտնվում՝ ի խախտումն կոնվենցիայի: Ընթացիկ շրջափակումը վերացնելը բավարար չի լինի, պետք է երաշխավորել, որ հետայսու Ադրբեջանն ի վիճակի չի լինի այս կամ այն պատրվակով փակել ճանապարհը:
Պիեռ դ՛Արժանն ընդգծեց՝ խտրականության բոլոր ձևերի վերացման դեմ կոնվենցիան ստորագրած Ադրբեջանը դրան հակառակ է գործում:
Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի լսումների ավարտին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի պահանջները: