Հայաստանի շուրջօրյա խնամքի հաստատություններում այսօր 602 երեխա կա, նրանցից 510-ը հաշմանդամություն ունեն: Առողջական խնդիրներով երեխաներ այստեղ ավելի հաճախ են հայտնվում, նրանց նաև ավելի քիչ են որդեգրում կամ խնամատարության վերցնում: Ոլորտի պատասխանատուները, սակայն, այս թվերի ազդեցությունը փորձում են մեղմել այլ վիճակագրությամբ՝ հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար երեխա էլ շարունակում է ապրել կենսաբանական, քիչ դեպքերում՝ նաև որդեգրող կամ խնամատար ընտանիքներում: Թե հիմնականում ինչու են ծնողները հրաժարվում խնամել հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, վերլուծված չէ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (ՀՀ ԱՍՀՆ հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ) - Բայց հաշմանդամություն ունեցող երեխաներից հրաժարվելու պատճառների հիմքում որոշակիորեն կարող է լինել ծառայությունների պակասը, ցավոք սրտի, հաշմանդամություն ունեցող երեխաները ոչ միշտ են կարողանում ստանալ այն ծառայությունները՝ իրենց համայնքում նկատի ունեմ: Մյուս պատճառը կարող է լինել հասարակության վերաբերմունքը, ավելի նեղ իմաստով՝ համայնքի, ընտանիքի վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ, երբ որ հատկապես ծանր խնդիրներով երեխաների պարագայում երբեմն, ցավոք սրտի, դեռևս շարունակում են հարազատները, բարեկամները ազդեցություն ունենալ այդ որոշման վրա, այսինքն՝ երեխային պահելու կամ չպահելու, հիվանդանոցից տուն տանելու կամ չտանելու:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան նկատում է՝ գերատեսչությունը փորձում է մարզերում ծառայությունները հասանելի դարձնել, այդ թվում՝ ոչ պետական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով: Արդյունքը, իհարկե, բավարար չէ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - Հաշմանդամությունը, ինչպես բոլորս գիտենք, կոմպլեքս խնդիր է և միջավայրային հարմարեցումները՝ և՛ ֆիզիկական և՛ ոչ ֆիզիկական: Երբ որ մենք ասում ենք հարմարեցումներ, նկատի ունենք նաև տեղեկատվական հարմարեցումը, հաղորդակցությունը, տրանսպորտը, օրինակ՝ առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Մենք, ցավոք սրտի, գիտենք, որ բոլոր տեսակի ծառայությունների մեծ մասը կենտրոնացված է Երևանում:
Առողջական պատճառով շուրջօրյա խնամքի հաստատություններում հայտնվող երեխաների խնդիրները բազմազան են՝ աուտիզմ, տեղաշարժման, մտավոր ու հոգեկան առողջության խնդիրներ: Այս երեխաներին Հայաստանում որդեգրելու եզակի դեպքեր են լինում: Նախկինում ավելի շատ օտարերկրացիներն են ցանկություն հայտնել ստանձնել նրանց խնամքն ու դաստիարակությունը, այժմ այդ հետաքրքրվածությունը նույնպես նվազել է:
Փոքր-ինչ այլ է պատկերը խնամատարության դեպքում, երբ երեխային ոչ թե որդեգրում են, այլ ընտանիք ընդունում ժամանակավորապես՝ պայմանագրի հիման վրա: Այս դեպքում խնամատարի հետ կնքվում է ժամանակավոր պայմանագիր, նաև սահմանվում է վճար՝ նվազագույն՝ այժմ արդեն 75 հազար դրամ աշխատավարձ՝ խնամատար ծնողին, շուրջ 70 հազար դրամ էլ յուրաքանչյուր երեխայի կարիքների համար: Գումարած 30 տոկոս, եթե երեխան ունի հաշմանդամություն: Խնամատար 6 ընտանիքում այժմ ապրում է 9 երեխա:
«Երևանի մանկան տուն» կազմակերպությունում խնամք է ստանում մինչև 6 տարեկան 66 երեխա: Հաշմանդամության կարգավիճակ ունեն նրանցից 26-ը: Տնօրենը պարզաբանում է՝ բայց միանշանակ չէ, որ մյուսները ամբողջությամբ առողջ են, որովհետև այդ կարգավիճակը տրվում է որոշակի տարիքից հետո:
ԼԻԴԱ ՋՈՒԼԻԿՅԱՆ («Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Քանի երեխան որևէ ֆունկցիոնալ վիճակի չի հասել, դժվար է հասկանալ՝ երեխայի մոտ կա հաշմանդամություն, թե ոչ, ուստի դրանով է պայմանավորված, որ հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների թիվը ավելի քիչ է, քան հնչում են մյուս հաստատություններից:
Վերջին երեխային այստեղ ընդունել են 2022-ի դեկտեմբերի 29-ին՝ նորածին աղջիկ: Նույն տարում խնամատարության է հանձնվել 6, որդեգրվել՝ 7 երեխա: Կենսաբանական ընտանիք վերադարձել է 6 փոքրիկ:
Տնօրենի դիտարկմամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխայից հիմնականում հրաժարվում են հենց ծննդատանը, հետո էլ խնամքի հաստատություն չեն այցելում: Վախենում են, որ նրան տեսնելով՝ հուզական կապ կառաջանա, ու արդեն չեն կարողանա առանց երեխայի տուն վերադառնալ:
ԼԻԴԱ ՋՈՒԼԻԿՅԱՆ - Իսկ որոնց հետ կարողանում ենք կազմակերպել հանդիպումներ, աշխատանքներ, խնդիրը ավելի շատ մենթալիտետային է, որ պատրաստ չեն ընտանիքում հաշմանդամ երեխա պահելու, քանի որ հարևանը ինչ կասի, ընտանիքի առողջ երեխայի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ: Պատճառաբանությունները տարբեր են:
Լիդա Ջուլիկյանն ընդգծում է՝ որքան էլ շուրջօրյա հաստատությունում երեխաների համար բազմամասնագիտական խնամք է ապահովվում, ամեն դեպքում նրանց հետ տարվող աշխատանքը խմբային է, արդյունքն էլ՝ ոչ այն, ինչ կարող է լինել ընտանիքում, որտեղ երեխայի գիտելիքները, ունակություններն ու հմտությունները զարգացնելու համար աշխատանքը անհատական է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան