Անցյալ տարի առաջին ընթերցմամբ ընդունվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է լուծել ֆինանսաբանկային ոլորտի մի շարք հարցեր` կատարելով բարելավումներ, լրացնելով առկա բացերը: Սակայն բանկերում գրավադրված անշարժ գույքերին վերաբերող դրույթում կադաստրային արժեքների փոփոխության հետևանքով ի հայտ են եկել խնդիրներ` բանկերի համար առաջացնելով լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այս մասին ասել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Հունվարի 30-ին Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ երկրորդ ընթերցումից առաջ քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ գործադիրից և Հայաստանում գործող բանկերից:
Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած նկատելի փոփոխությունների և գնային աճի համատեքստում հարցի քննարկումը կարևորել են և՛ Բաբկեն Թունյանը, և՛ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները` Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է անշարժ գույքի օտարման գործարքների ԱԱՀ և շահութահարկով հարկման բազաների նվազագույն կանոնների որոշմամբ` ընդհանուր մոտեցումից երկու դեպքերում բացառություն սահմանել բանկերի և վարկային կազմակերպությունների համար:
Բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դաշտում ստեղծված իրավիճակը` նշելով, որ անշարժ գույքի շուկայական արժեքն էականորեն տարբերվում է կադաստրային արժեքից: Ըստ նրանց` օրենքի նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն առկա անհարթությունները:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել օտարման գործարքներին, առկա ռիսկերին և դրանց կառավարմանը:
Ամփոփելով` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու համար` նշելով, որ նպատակը հավասարակշռված լուծում գտնելն է:
Բանկային ոլորտում առաջացած մի շարք այլ խնդիրների քննարկման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ևս մեկ աշխատանքային քննարկում: