«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Նարեկ Գրիգորյանի հեղինակած նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 30-ի նիստում:
Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիպոտեկային վարկեր: Գևորգ Պապոյանի խոսքով արտարժույթի տատանումների հետևանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում: «Հայաստանում փոխարժեքը լողացող է, և ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որևէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է համահեղինակը և հավելել` քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:
Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գևորգ Պապոյանը նշել է, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավվում է դրամով և հնարավորինս քիչ` արտարժույթով:
Նախաձեռնությամբ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով և ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք` «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով»:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը: Նրա խոսքով քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դիտարկումներ: «Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիպոտեկային վարկեր»,- ընդգծել է զեկուցողը:
Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Որոշվել է փետրվարի 9-ին` ժամը 15:00-ին, անցկացնել ֆինանսավարկային և բյուջետային ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ` քննարկելու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում անտառօգտագործման գործընթացի նկատմամբ կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: