Հայաստանից դուրս սեզոնային աշխատանքի փոխարեն՝ հայրենիքում գործ սկսելու կամ ունեցածն ընդլայնելու հնարավորություն: Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը Եվրամիության աջակցությամբ շարունակում է միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին դրամաշնորհների տրամադրումը:
Կարել Հոֆսթրա (Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Հայաստանի գրասենյակի ղեկավար) - Այս ծրագիրը որոշ մասնակիցների խրախուսել է վերադառնալ Հայաստան, նրանց, որ մտադիր են գալ, սա այսպես ասած վերջին քայլն է:
Ալլա Մինասյանը 2022-ին դրամաշնորհ շահողներից է, երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո՝ 2021-ին է Հայաստան եկել, ընտանիք կազմել: Փոքրիկին խնամելու ժամանակ կոսմետիկ նյութերից ալերգիաների խնդրից էլ նոր բիզնես գաղափար է ծնվել:
Ալլա Մինասյան («ԵՄ-ն հանուն միգրանտների» ծրագրի դրամաշնորհի շահառու) - Այդ ընթացքում հասկացա, որ կարող եմ մշակել սեփական կոսմետիկ միջոցները՝ կիրառելով նաև կենսաքիմիկ ամուսնուս գիտելիքները, մի քանի բան մշակեցինք, զգացի, որ ստացվում ա:
Ստացված կոսմետիկ նոր միջոցի փորձարկումից հետո Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի դրամաշնորհի հայտարարությունն էր: Դիմել, շահել են: Ստացել են 10.000 եվրոյին համարժեք գումարի սարքավորումներ, նույնքան իրենք ներդրել: Գարնան սկզբին արդեն նոր արտադրանքը շուկա կհանեն:
Ալլա Մինասյան - Ունենք գնված սարքերը արդեն. սա շշալցման սարքն է, ունենք հալեցման սարք:
Հաղթող յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը 2000-10.000 եվրո է՝ համաֆինանսավորման պայմանով. հաղթող շահառուն իր սեփական ներդրման չափով է դրամաշնորհ ստանում, բայց ոչ գումարը, այլ բիզնես ծրագրում նշած անհրաժեշտ սարքավորումները: Ծրագրից կարող են օգտվել
Հայաստանի այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են երկրից դուրս:
Վերադարձած միգրանտները, որոնք Հայաստան են եկել վերջին երեք տարվա ընթացքում՝ առնվազն մեկ տարի Հայաստանից դուրս ցանկացած երկրում գտնվելուց հետո, միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամներ, օրինակ՝ Հայաստանում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ:
Կարել Հոֆսթրա - Ուզում ենք 160 շահառու ունենանք, երկու փուլ անցանք, հիմա 60 ունենք և դեռ 100 պիտի ունենանք:
Գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն՝ հայտերը հանրապետության բոլոր մարզերից են, բացի մայրաքաղաքից: Դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2020-ին: Նախորդ երկու տարում ծրագրին դիմել է 200 շահառու, 160-ը մասնակցել են բիզնեսի կառավարման առցանց դասընթացին, մի մասը արդեն շահառու է:
Կարել Հոֆսթրա - Մենք վերջնական ֆինանսավորել ենք 60 ծրագիր մինչև 10.000 ոչ նյութական ծրագիր:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 2020-2024 թվականների համար 1.200.000 եվրո է, 2022-ի ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023-ի հունվարի 31-ը, ևս երկու փուլ կանցկացվի 2023-ին, 2024-ին: