ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Նախարարն ընդգծել է, որ տիկին Բաղդասարյանի հետ արդյունավետ աշխատանք է եղել, շատ հարցեր տեղում արագ լուծումներ են ստացել, և հույս է հայտնել, որ այդ գործելաոճը կշարունակվի նաև առաջիկայում։
Նախարարը շնորհավորել է Մուշեղ Մուրադյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նկատել, որ նորանշանակ մարզպետը ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին, մարզպետարանի աշխատակազմին և հավելյալ ժամանակ չի պահանջվի գործին ծանոթանալու համար․«Շիրակի մարզը բարդ մարզ է, բազմաթիվ խնդիրներ կան, բայց հուրախություն բոլորիս, մարզում նաև հսկայածավալ ծրագրեր կան, որոնք պետք է համատեղ կյանքի կոչենք։ Ինչքան որ համախմբված, համատեղ աշխատենք, այնքան այդ ծրագրերն ավելի արագ կլուծվեն ի շահ մարզի»,- ասել է նախարարը։
Նազելի Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին։
Մուշեղ Մուրադյանն էլ շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամենօրյա աշխատանքով է փորձելու թեթևացնել մարզի հոգսերը․
«Ամեն ջանք գործադրելու եմ Կառավարության հետ համատեղ աշխատանքով հայրենի մարզի հոգսերի ու խնդիրների շուտափույթ լուծման համար, ինձ համար մարզի յուրաքանչյուր հոգս առաջնային եմ համարում, և վստահ եմ, որ նվիրումով և հետևողական աշխատանքով քայլ առ քայլ կգնանք դրանց լուծման ճանապարհով»։