Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ:
Նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:
Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:
Քվեարկությունից հետո, հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արամ Արամյանը միաձայն (40 կողմ) քվեարկությամբ` ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:
Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազ Արամյանին՝ ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
«Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է համապատասխանենք վարքագծի ամենաբարձր չափորոշչին»,- շեշտել է Աննա Վարդապետյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամ Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ստանձնած գործառույթներն իրականացնելիս կանի առավելագույնը համակարգի հեղինակությունը բարձր պահելու համար: