ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգի նախագիծը:
Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։
Նախագծով սահմանվել է.
-
2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները:
-
2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
-
2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։
Համաձայն նախագծի՝ ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ: Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղության և քննական կենտրոնների, հաստատվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով, որը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։
Հայտերի ընդունում
Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի կայքերում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներկայացվում են այն ուղղությունների ցանկը, որոնցով դասավանդող մանկավարժական աշխատողները կարող են հայտ ներկայացնել, ինչպես նաև տվյալ ուղղության ատեստավորմանը հատկացվող ժամանակահատվածը:
Մանկավարժական աշխատողները հայտերը կարող են ներկայացնել յուրաքանչյուր տարվա մարտի 15-ից մինչև առաջին ատեստավորմանը նախորդող 20-րդ օրը: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
Ատեստավորման կազմակերպում և անցկացում
Տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը ձևավորվում է ԳԹԿ տնօրենի հրամանով։ Թեստերը, մեթոդական ուղեցույցները, առաջադրանքներում ընդգրկվող նյութը և առաջադրանքների նմուշները, ըստ ուղղությունների, մշակվում են ԳԹԿ-ում՝ տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ որակավորմամբ մասնագիտական կրթություն տրամադրող բուհում և տրամադրվում ԳԹԿ-ին։
ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ընտրում է ատեստավորման կենտրոններ, որտեղ գործընթացը կազմակերպում են կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները:
Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։
Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
Ատեստավորման արդյունքների ամփոփում և բողոքարկում
Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո հինգերորդ օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումը էլեկտրոնային եղանակով ուղարկել մասնագիտացված բուհի մասնագիտական հանձնաժողովին։ Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին:
Ատեստավորման արդյունքով մանկավարժական աշխատողի լրավճարի տրամադրում
Լրավճար տրվում է միայն հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողին: Մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխման արդյունքում լրավճարը պահպանվում է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար․
-
Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար։
-
Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար:
-
Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար:
Լրավճարները ներառում են հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։
Վերոնշյալ արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`
-
նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.
-
70-79 և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.
-
նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով։
Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, իսկ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։
Միաժամանակ, հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվում է արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանել շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների, որոնց դրույքաչափի հաշվարկման և վճարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի թիվ 798-Ն որոշմամբ:
Նախագծի ընդունման արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական ու ֆինանսական հստակ հիմքեր։
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 12-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: