Իրանի տարածքի նկատմամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումից օրեր անց որևէ երկիր կամ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել դեպքի համար: Իրանում, սակայն, կասկած չունեն՝ հարձակման պատասխանատուն Իսրայելն է, փորձում են պարզել, թե որ պետության տարածքից են արձակվել ԱԹՍ-ները:
Գարիկ Միսակյան (Իրանագետ) - Քննարկվող տարբերակներն են Իրաքը՝ հարավի համար ու Ադրբեջանական Հանրապետությունը՝ հյուսիսի համար:
Հարձակման օրը արաբական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների ռազմական օբյեկտներին: Իրանի պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաստատեց միայն Սպահանում իր ենթակայության տակ գտնվող կայանի վրա հարձակումը:
Գարիկ Միսակյան - Սպահանինը Իրանում հայտարարվեց, որ կասեցվել է, և ցուցադրվեցին կադրեր պաշտոնապես, պետական հեռուստաընկերությամբ, որ ընդամենը փոքր վնաս է հասցվել:
Իրանում տեղի ունեցածն արևելագետ Արմեն Պետրոսյանը պայմանավորում է տարածաշրջանային վերջին զարգացումներով՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմամբ, այդ հարցում արտաքին աշխարհի՝ Ադրբեջանին ցուցադրված համակողմանի աջակցությամբ և Իրանին ուղղված մեղադրանքներով, ինչպես նաև Իսրայելում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներով:
Փորձագետի խոսքով՝ անօդաչուներով հարձակումը նպատակ ունի թուլացնել տարածաշրջանում Իրանի ազդեցությունը, և եթե Թեհրանը չպատասխանի, լուրջ հարված կհասցնի սեփական հեղինակությանը:
Արմեն Պետրոսյան (Արևելագետ) - Սա կնշանակի՝ եթե Իրանը չի կարողանում պատասխանել իր հակառակորդին իր երկրի ներսում տեղի ունեցած հարձակման դեմ, ապա նա, մեծ հաշվով, որքանով է ի զորու իր սահմաններից դուրս եղած, իր համար հռչակած կարմիր գծերին դիմագրավելու համար:
Ուսումնասիրելով արաբական մամուլում և սոցիալական ցանցերում հարձակմանը նախորդած և հաջորդած տեղեկությունները՝ փորձագետներն ընդգծում են՝ տեղեկատվական դաշտում փորձ է արվում ուռճացնել հասցված վնասի ծավալը:
Իրանի շուրջ լարվածությունը, ըստ մասնագետների, լայնամասշտաբ պատերազմի չի հանգեցնի: Թեհրանում, սակայն, պահանջում են պատժիչ գործողություն իրականացնել թշանամական տրամադրված պետությունների նկատմամբ: Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո դրա գործունեությունը դադարեցնելու Բաքվի որոշումը հատկապես հակաադրբեջանական տրամադրություններն է բորբոքել:
Գարիկ Միսակյան - Իրանում սկսեցին հիշել, որ Ադրբեջանը փորձում է ստանալ «Զանգեզուրի միջանցք», կասեցնել Իրանի հյուսիսային տարանցումը և այլն: Այսինքն՝ գրեթե բոլոր ոլորտներում ներկա պահին կան խնդիրներ և Իրանը կարծես որոշում է կայացրել դրանց հակազդելու՝ լինի դա տեսանելի, թե ոչ տեսանելի մակարդակում:
Ադրբեջանի հակաիրանական դիրքավորումն առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Թեհրանը ներկայացրեց տարածաշրջանում սահմանների փոփոխություն չհանդուրժելու իր դիրքորոշումը:
Փորձագետների դիտարկմամբ՝ այժմ էլ Արևմուտքին հաճոյանալու համար է Բաքուն փչացնում Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Արմեն Պետրոսյան - Դիվանագիտական ներկայացուցչության ամբողջովին, բացի հյուպատոսական ծառայությունից, տարհանում երկրից: Սա թշնամական, պատերազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցող գործողություն է: Նման դիրքավորմամբ, հակաիրանական քայլով, կարծես թե, Ադրբեջանի նախագահը ցանկանում է որոշակիորեն մեղմել այն ճնշումները, որ կային Բաքվի դեմ Լաչինի արկածախնդրության նախաձեռնումից ի վեր:
Արևելագետները վստահ են՝ Իրանը չի սրի Ադրբեջանի հետ հարաբերությունները, սակայն դրանք առաջիկայում կգնան վատթարացման, հատկապես, որ Բաքուն «աբսուրդ» է անվանել իրանական կողմի հայտարարությունը, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը ընտանեկան և կենցաղային հողի վրա է եղել։
Իրանի ու Ադրբեջանի դիվանագիտական խնդիրը կլարի նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակը՝ նշում են մասնագետները:
Հեղինակ` Նորայր Շողիկյան