ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆՔ ՎԵՐՋԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ԱԳՆ
Երուսաղեմում հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա: Այս մասին իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։ Օրեր առաջ հրեա ծայրահեղականների կողմից հարձակում էր եղել նաև հայ հոգևորականների և հայկական ռեստորաններից մեկի վրա: Տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ արձագանքել է ՀՀ արտգործնախարարությունը:
«Խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունները, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանը, ինչպես նաև Հին քաղաքի հայ բնակիչներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԼԱՉԻՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում իր աղոթքներում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նա հիշեցրել է, որ Հարավային Կովկասում՝ Լաչինի միջանցքում, ծանր հումանիտար իրավիճակ է, և միջազգային հանրությանը կոչ արել նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը: «Միջազգային մակարդակով բոլոր ջանքերը պետք է գործադրվեն՝ խաղաղ լուծումներ գտնելու համար հանուն մարդկանց բարօրության»,- հայտարարել է պոնտիֆիկոսը:
Հռոմի Պապը «խաղաղության ուխտագնացություն» է սկսում Հարավային Սուդան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. այցը կմեկնարկի վաղը և կշարունակվի մինչև փետրվարի 5-ը։
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Բաքուն ամբողջությամբ կասեցրել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Նա նշել է, թե շրջանառվում են տեղեկություններ, որ դիվանագիտական գործունեությունը չի դադարեցվել:
«Իրականում այն ամբողջությամբ դադարեցված է։ Դեսպանատան վարչական շենքի և գույքի պահպանության նպատակով տարածքում մնացել է միայն 5 աշխատակից»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը:
Նա նշել է, որ դեսպանատան անձնակազմին տարհանելու որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Անվտանգության հարցում մենք ոչ հույս ունենք, ոչ վստահություն իրանական կողմի հետ կապված»,- ասել է Խալաֆովը:
Բաքուն «աբսուրդ» է անվանել իրանական կողմի հայտարարությունը, թե Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային հողի վրա։ Օրեր առաջ Թեհրանում զինված հարձակում էր տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա, մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել, հարձակվողը ձերբակալվել էր։ Թեհրանի ոստիկանության պետը հատարարել էր, որ հարձակվողն «առաջնորդվել է անձնական դրդապատճառներով»։ Բաքուն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։
ԿԱՅԱՑԵԼ Է ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները: Էբրահիմ Ռայիսին ցավակցություն է հայտնել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության անվտանգության ծառայության ղեկավարի մահվան կապակցությամբ և մաղթել է տուժածներին շուտափույթ ապաքինում։ Իրանի կառավարության ղեկավարը նշել է, որ հարձակման մասշտաբները հետաքննում են համապատասխան մարմինները։ Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները թույլ չեն տա, որ երկու երկրների հարաբերությունները խաթարվեն թշնամիների կողմից։ Ալիևը նշել է, որ հանցագործությունն անսպասելի էր:
«Երկու երկրի համագործակցությունն այս ոլորտում պետք է լինի այնպիսին, որ ոչ ոք նման միջադեպերի պատրվակով չկարողանա խախտել մեր բարեկամական հարաբերությունները»,- հայտարարել է Ալիևը:
ԷՐԴՈՂԱՆԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՐՁ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է ուղերձ հրապարակել Ֆինլանդիայի վերաբերյալ, որը ցնցելու է Շվեդիային: Նա ակնարկել է, որ ուղերձը կլինի միայն այն դեպքում, եթե Ֆինլանդիան չանի նույն սխալը, ինչ՝ Շվեդիան: Նա նաև հավելել է, որ Շվեդիային է փոխանցվել Անկարայի կողմից ահաբեկիչ ճանաչված 120 հոգու ցուցակ, որոնց պետք է արտահանձնվեն Թուրքիային։
Նա կրկին հայտարարել է, որ առանց արտահանձնման, ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությանը Թուրքիան հազիվ թե համաձայնի: Անցած շաբաթ Ֆինլանդիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու դիմումի վերաբերյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցություններում անհրաժեշտ է կարճ դադար
ԱՄՆ-Ը ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԵՋ. ՊԵՆՏԱԳՈՆ
ԱՄՆ բանակը ներգրավված չի եղել Իրանում տեղի ունեցած հարձակման մեջ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակը: Պատրիկ Ռայդերnն, անդրադառնալով Սպահանի զինամթերքի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, հրաժարվել է այլ մեկնաբանություն տալուց:
Թեհրանը պաշտոնապես որևէ երկրի չի մեղադրել հարձակման համար: Իրանի արտգործնախարարը տեղի ունեցածն անվանել է վախկոտ հարձակում, որի նպատակն էր անկայունություն ստեղծել երկրում:
Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը հրաժարվել է մեկնաբանություն տալուց: