ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:
Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում: