Այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթացել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները:
«Եթե ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն»,- Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հաագայի դատարան ներկայացված հայցով Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի իր օժանդակությունը այսպես կոչված ցույցերին, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժը, երաշխավորի անխափան շարժը և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց: Հայաստանի լսումները ավարտվել են, երեկոյան 19:00-ին դատարանը կլսի Ադրբեջանի դիտարկումները:
Հունվարի 23-ին՝ շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Մեկ ամսից ավելի է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրահանգել է Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը, որոնք Հայաստանում բուժսպասարկման կարիք ունեն: Բայց Ադրբեջանը անտեսել է Ստրասբուրգի դատարանի որոշումը ևս: Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել:
Նախագահ Ալիևը դա հստակ և բացահայտ պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը հեռանան: Նա պնդել է, որ Ադրբեջանի պարտքը հայերին «իրենց» հողերից վտարելն է: Նա ասել է, որ այդ հողում հայերեն ոչ մի երգ չի երգվելու, և ադրբեջաներենն է իշխելու: Շրջափակումը, գազամատակարարման և հոսանքի մատակարարման դադարեցումներն արվում են հատուկ՝ այդ հետևանքին հանգեցնելու համար:
Մարտին Լոուրենս (միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու) - Հիշում եք, տասնյակ հազարավոր հայեր իրենց տներից տեղահանվեցին 2020-ի պատերազմի ժամանակ: Մեկ անձ անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ: Խաղաղապահ առաքելությունը տեղակայվեց, որ կանխվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային մահը: Բայց անգամ խաղաղապահների տեղակայումնից հետո Ադրբեջանն արեց ամեն ինչ, որ էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի՝ հարկադրաբար տեղահանի բնակիչներին: Անհրաժեշտ է հրատապ միջամտություն՝ վերջ դնելու մարդասիրական այս աղետին: