ԱՄՆ-ն անհանգստացած է Կրեմլի հետ Մերձավոր Արևելքի որոշ երկրների համագործակցությամբ, ինչի շնորհիվ Ռուսաստանին հաջողվում է չեզոքացնել հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը։ Այս հարցը կբարձրացվի ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնի տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ, հայտնում է Reuters-ը։
Հաջորդ շաբաթ ամերիկացի պաշտոնյան կայցելի Թուրքիա, Օման և ԱՄԷ, որտեղ կհանդիպի իր օտարերկրյա գործընկերների, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը մտադիր է զգուշացնել զրուցակիցներին, որ իրենց երկրներն ու կազմակերպությունները կարող են կորցնել մուտքն ԱՄՆ շուկա, եթե շարունակեն բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող սուբյեկտների հետ, իսկ այդ պատժամիջոցները կշարունակվեն և կուժեղացվեն։
Ըստ լրատվականի, սա ամերիկյան առաջին պահանջը չէ՝ կապված Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության հետ։ Նմանատիպ առիթով անցյալ տարի Միացյալ Նահանգներն ուժեղացրեց ճնշումն Անկարայի վրա: Սպիտակ տունը դժգոհ է, որ Թուրքիան լավ չի հետևում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանափակումներին։
Փոխնախարար Նելսոնը նախատեսել է զգուշացնել բիզնեսներին և բանկերին խուսափել երկակի նշանակության տեխնոլոգիաների փոխանցման հետ կապված գործարքներից, որոնք կարող են օգտագործել ռուս զինվորականները: