Այն, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում տեղի են ունենում լսումներ, արդեն իսկ դրական գործընթաց է. անդրադառնալով Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներին՝ նշել է Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նա կարևորել է նաև Հաագայի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու որոշումը, որը մինչ այս պահը Ադրբեջանը չի կատարել:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը այդ մասին ծանուցումներ, փաստական հիմք էր ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության դատարան:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան) - Ադրբեջանը պարտավոր է թարգմանել վճիռը ադրբեջաներեն, հրապարակել իր իրավական տեղեկագրերում, տեղեկացնել հանրությանը օպերատիվ և մատչելի եղանակով, այդ դատական ակտը պետք է ներգրավվի ուսումնական և վերապատրաստման ծրագրերում, ինչը չի կատարել:
Այդտեղ նաև պահանջ կար նաև այսպես կոչված Փառքի պուրակի հետ կապված, և մինչև դատական ակտը կայացնելը Ադրբեջանը արդեն իսկ հեռացրեց մանեկենները այդտեղից, ինչը ազգությամբ հայերի հանդեպ ատելության, խտրականության, ռասիզմի արտահայտություն էր: Այդ հիմքով պահանջում էր առարկայազուրկ համարել դիմումը Հաագայի դատարանում: Ըստ էության, վարույթն իր օգտակար ազդեցությունն ունեցել է:
Հիշեցնենք՝ այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթացել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները: