Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից Արեգ Սարգսյանը Արցախից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկով բնակելի տուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Ալափարս գյուղում:
Արեգ Սարգսյան (Արցախից տեղահանված) - Տան չափերը 268 քառակուսի ա, 2 հարկանի տուն ա, էլի: Դե, եվրոլուսամուտներն եմ փոխել վերևի հարկինը, սենց կիսատ պենոպլեքս եմ խփել, պատերն եմ ուծիպլիտ անում: Վերանորոգում պարտադիր պիտի արվի, որովհետև լավ չի վիճակը, տան վրա գործեր կան անելու:
2022 թվականի փետրվարին Հայաստանի Կառավարությունը հաստատեց Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որով հիփոթեքային վարկի մայր գումարի և տոկոսավճարի մարման համար գումար է հատկացվում: Երևանի դեպքում ընդհանուր՝ մինչև 8 մլն, մարզերում՝ 10 մլն, սահմանամերձ բնակավայրում՝ 14 մլն դրամ, իսկ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում՝ 16 մլն դրամ: Վճարվող տոկոսադրույքները ևս ըստ տեղանքի տարբերվում են, Երևանում մինչև 8 տոկոսն է վճարվում, մարզերում՝ 12, սահմանամերձ համայնքներում՝ 13 տոկոս: Ազգային հիփոթեքային ընկերությունն էլ իրականացնում է վարկի վերաֆինանսավորում՝ 3 տոկոսի շրջանակում:
Էդմոնդ Վարդումյան (Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն) - Վերաֆինանսավորումն իրականացվում է ավելի ցածր տոկոսադրույքով, քան ԱՀԸ այլ ծրագրերի շրջանակներում վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև հաճախորդների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չսահմանելու համար որոշակի արտոնություններ են սահմանվել ապահովագրության մասով:
Դեկտեմբերին Կառավարության որոշմամբ նոր փոփոխություն է եղել ծրագրում, ըստ որի՝ Սյունիքի մարզի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ևս Արցախից տեղահանվածներին կհատկացվի 16 մլն դրամ: Այս ծրագրով, բացի ուղղակի ֆինանսական աջակցությունից, այլ արտոնություններ ևս սահմանվում են:
Արտակ Մանուկյան (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - Սրա շրջանակներում, ըստ էության, գույքի ապահովագրության ծախսերը, որոնք որ առկա են այլ պարագայում, այլ պրոդուկտների պարագայում, ստեղ ըստ էության չկան, դժբախտ դեպքերից ապահովագրությունը ևս այստեղ չկա, և կանխավճարների մասով ևս էական մեղմումներ կան, ինչի՞, որպեսզի հնարավորություն ընձեռվի այս հավելյալ խոցելիություն ունեցող խավի համար ավելի գրավիչ դարձնել բնակարանների ձեռքբերումը և դրանով նրանց բարեկեցությանը փորձել աջակցել:
Երևանի համար 10 տոկոս կանխավճարի պայման է գործում, մարզերի համար՝ 5, իսկ սահմանամերձ համայնքների դեպքում՝ 1 տոկոս: Արեգ Սարգսյանը նշում է՝ տան ձեռքբերման համար հիմնական խնդիրը եղել է թղթաբանությունը, շատերի համար նաև կանխավճարն է խնդիր:
Արեգ Սարգսյան - Էսօր լիքը մարդ կա, գիտեմ էլի ես, օրական անձամբ ինձ զանգում են, հազար հոգի մարդ ա զանգել, որ ո՛նց ես արել, խի՛ ես էսքան մուծել, մարդ կա՝ չունի էդ հնարավորությունը: Էդ հնարավորությունը մի տեղ մեղմացնեն, որ ժողովուրդը կարողանա տուն վերցնել, թե չէ հիմնականում էս պահին, որ գործը կանգնած ա, դժվարությամբ ա, շատ դժվար ա իրոքից էդ թղթաբանության հետ կապված հավաքել, էդ կանխավճարի հարցն ա լուծելն ա, համ տներն ահավոր թվեր են, չեն իրար հասկանում, տանտերը, ենթադրենք, 10 միլիոնանոց տունը էս տարի որոշել ա, որ ինքը պետք ա վաճառի, ենթադրենք, 20 մլն-ով:
Ինքը բնակելի տունը ձեռք է բերել 10 մլն 700 հազար դրամով, որից 700 հազար կանխավճարն է միայն վճարել: Մանրամասնում է, թե 10 տարվա ընթացքում որքան է մնացել վճարելու:
Արեգ Սարգսյան - Պետությունը մուծում ա անում՝ տոկոսն էլ ա տալիս, մայր գումարն էլ ա տալիս, ստեղ մի քանի, ոնց որ ասած, որ վերածել են օրերի, ամիսների, ամիս կա, որ էդ ամսվա, ասենք՝ ինչ-որ մի հատ հատված տոկոսից մնացել ա՝ 100, 200 դրամներ ա, ընդհանուր 10 տարվա էդ մուծումների ընթացքում մենք պետք ա մեր ջեբից դնենք, մուծենք էդ ամեն ինչը: Ընդհանուր, օրինակ՝ իմը կազմել ա 54 հազար դրամ՝ 10 տարին վերածած օրերի:
Հայաստանի տարբեր մարզեր այցելելուց հետո հենց Կոտայքում է որոշել ձեռք բերել տունը, քանի որ կլիման հարմար է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
Հնարավոր շահառուների թիվն ավելի քան 4000 է, որոնցից մոտ 3300-ը ստացել են հավաստագիր:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական) - Այս պահի դրությամբ արդեն իսկ 120 ընտանիքի վարկ հաստատվել է, և որոնցից 80-ը արդեն իսկ ձևակերպել են առքուվաճառքի գործարքը և բնակվում են իրենց տներում, մյուս 40-ի գործարքը գրեթե ավարտական փուլում է և մոտակա օրերին կավարտվի: Ընթացքում ծագում են որոշակի խնդիրներ՝ կապված ընտանիքների վարկունակության, վատ վարկային պատմության հետ, որը ԿԲ-ի միջնորդությամբ փորձում են հնարավորինս արագ կարգավորել և գտնել լուծումներ:
Հավաստագրի գործողության ժամկետը 1 տարի է, այսինքն՝ այս տարվա ընթացքում շահառուները պետք է տուն ձեռք բերեն:
Արտակ Մանուկյան - Ըստ էության, Կառավարությունը այս ծրագիրը դիզայն անելով՝ ինքը հանդիսանում է այդ մարդու համար որպես երաշխավոր, և դրա համար որոշակի շեմերից ներքև, նույնիսկ եկամուտների առկայությունը հավաստող որևէ այլ փաստաթուղթ անհրաժեշտ չէ, այսինքն՝ պետությունը հենց ինքը ստանձնել է այդ երաշխավորի գործառույթը:
Պետությունը 2023-ի մարումների համար կհատկացնի 2 մլրդ դրամ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան