Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել: Նախորդ տարվա ամռանը օրենսդիրը փոփոխություններ և լրացումներ կատարեց Դատական օրենսգրքում, համաձայն որոնց՝ մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ-ի վճիռներով բացահայտված խախտումների հիմքով դատավորի նկատմամբ կարող է վարույթ հարուցվել:
Կարեն Անդրեասյան (Բարձրագույն դատական խորհրդի նախագահ) - Դադարեցնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
Անտոնյանը Վճռաբեկում էր 14 տարի: Նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշումն էր: Ըստ որոշման՝ Վճռաբեկը, առաջին անգամ մերժած բողոքը երկրորդ անգամ վարույթ ընդունելու իրավունք չուներ, սակայն խախտել է այդ սկզբունքը: Անտոնյանի փաստաբանը գործընթացն անհիմն է որակում, նշում՝ դատավորին վերագրվել է գոյություն չունեցող օրենքի պահանջի խախտում: Բացի այդ, փաստաբանի պնդմամբ, առանց որևէ հիմնավորման և ապացույցի վերագրվում է արարքը դիտավորությամբ կատարելու հանգամանքը:
Էմիլ Ամիրխանյան (Սուրեն Անտոնյանի փաստաբան) - Եզրահանգումը միայն մեկը կարող է լինել, որ կար ի սկզբանե ցանկություն պարզապես ազատվել դատավոր Անտոնյանից, և այդ միջնորդության բովանդակությունը կարելի էր փոխարինել մեկ նախադասությամբ՝ ցանկանում ենք ազատվել դատավոր պարոն Անտոնյանից: Հավաստիացնում եմ ձեզ, որ, ըստ էության, իրավական տեսանկյունից նույն արժեքը կունենար, պարզապես ավելի անկեղծ կլիներ:
Թե ի՛նչ պատճառով պետք է նման ցանկություն առաջանար, փաստաբանը չպատասխանեց:
Էմիլ Ամիրխանյան - Ասում են՝ 2007 թվականի գործող օրենսդրությամբ եթե մեկ անգամ Վճռաբեկ բողոքը վերադարձվել էր, այլևս անձը իրավունք չուներ վճռաբեկ բողոք ներկայացնելու, մեր բոլոր փորձերին և հարցադրումներին, թե կոնկրետ այդ ո՞ր նորմն է նման արգելք նախատեսում, նախարարի ներկայացուցիչը այդպես էլ չկարողացավ ուղիղ պատասխան տալ:
Գործը, որով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին: Դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ իր վերաբերյալ կայացված վճիռը բեկանելով՝ Վճռաբեկ դատարանը ոչ միայն խախտել է երկրորդ անգամ վերանայման ենթակա չլինելու սկզբունքը, այլև գույքից օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ-ի վճռով։
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՎԱՐՈՒՅԹ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ՄԻԵԴ-Ի ՎՃԻՌՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ևս 2 վարույթ է հարուցվել, որոնք առնչվում են 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններին:
Էդվարդ Նահապետյանի նկատմամբ վարույթ հարուցելու հիմքը Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար «Լևոն Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռն է:
Լևոն Բարսեղյան («Ասպարեզ» ակումբի ղեկավար) - Ես կնախընտրեի, որ արդարադատություն լիներ, և հանիրավի անարդար վճիռ չկայացներ դատավորը, որ մենք էլ 13-14 տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդարադատություն չորոնեինք:
Նահապետյանը, որը 2008-ին Շիրակի մարզի վարչական դատարանի նախագահն էր, հօգուտ ոստիկանության որոշում էր կայացրել՝ Բարսեղյանին տուգանելով 50 հազար դրամ:
Հայկ Սանոյան (Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ) - Ինչ էր տեղի ունեցել. Լևոն Բարսեղյանը 2008 թվականի մարտի 2-ին փորձել էր Գյումրու Թատերական հրապարակում այսպես ասած խաղաղ հավաք անցկացնել, Գյումրու ոստիկանության ծառայողները բերման էին ենթարկել Լևոն Բարսեղյանին և համապատասխան վարույթ էին իրականացրել:
Ոստիկանությունը դիմել էր դատարան՝ Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, դատարանը բավարարել էր այն՝ համարելով, որ նա չի պահպանել հավաքների իրազեկման պահանջը: Եվրոպական դատարանը արձանագրել էր, որ խախտվել է Բարսեղյանի՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը և համարել, որ դատարանը չի ապացուցել քաղաքացու օրինազանցությունը: Ստրասբուրգյան դատարանի որոշմամբ՝ Հայաստանը որպես փոխհատուցում Բարսեղյանին 1500 եվրո է վճարել, ստացողի բնորոշմամբ՝ հարկատուների գրպանից:
Լևոն Բարսեղյան - Այդ դատավորը և բազմաթիվ ուրիշ դատավորներ, որոնք դակիչ էին հանդիսանում այդ տարիներին, համարում էին, որ կարևորը նախագահական պալատի հետ լավ լինեն, մնացածը կհաղթահարվի, կամ էլ երևի հույս ունեին, որ մենք էդքան հետևողական չենք լինելու, և, ի վերջո, արդարությունը նախ հաղթանակեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ուսումնասիրելով «Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ի վճիռը՝ արդարադատության նախարարը դիմել էր ԲԴԽ:
Հայկ Սանոյան - Կարգապահական վարույթի ընթացքում դատավորը համապատասխան բացատրություններ էր ներկայացրել, և ամբողջ վարույթի նյութերով գտել էինք, որ դատավորի կողմից թույլ է տրվել կարգապահական խախտում թե՛ նյութական իրավունքների և թե՛ դատական իրավունքի նորմերի:
ԲԴԽ որոշման ու միջնորդության վերաբերյալ «Լուրերը» փորձեց դիրքորոշում ճշտել դատավորի փաստաբան Գնել Մուղնեցյանից, նա, սակայն հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ պաշտոնավարման ընթացքում խախտում թույլ տված երրորդ դատավորը աղմկոտ գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանն է, որի վերաբերյալ գործը, սակայն, թողնվել է առանց քննության:
Հայկ Սանոյան - Ուսումնասիրության ընթացքում հաստատվել է, որ այդ երեք դատավորների կողմից տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք, մեր գնահատմամբ, կարգապահական խախտում են որակվել և ներկայացվել են համապատասխան միջնորդություններ Բարձրագույն դատական խորհրդին:
Մնացական Մարտիրոսյանին վերաբերող ԲԴԽ քննության հիմքը «Գագիկ և Վարդան Ջհանգիրյաններն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռն էր: Ջհանգիրյանները ձերբակալվեցին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո: Փետրվարի 22-ին Ազատության հրապարակում այդ ժամանակվա գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված կեղծիքներին, խոսեց «Հոկտեմբերի 27»-ի գործի վարույթը ապօրինի կարճելու մասին: Ելույթի հաջորդ օրը նա և եղբայրը ապօրինի զենք կրելու կասկածանքով բերման ենթարկվեցին, ապա 3 տարվա ազատազրկման դատապարտվեցին ոչ թե ապօրինի զենք կրելու, այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը արգելել էր առողջական խնդիրներ ունեցող Վարդան Ջհանգիրյանին մեկնել արտերկիր՝ բուժման:
Հայկ Սանոյան - Դատարանը բազմաթիվ նյութերի հիման վրա եկել էր այն եզրակացության, որ Վարդան Ջհանգիրյանը, լինելով ամիսներ շարունակ կալանավայրում, ունեցել է առողջական լուրջ խնդիրներ, բացի դրանից, կալանքից դուրս էլ դատավորը անտարբեր վերաբերմունք է դրսևորել նրա առողջական վիճակի նկատմամբ և դատական պրոցեսը տարբեր դրվագներով շարունակվել է՝ առանց հաշվի առնելու մեղադրյալի առողջական վիճակը:
Ի դեպ, Եվրոպական դատարանը վճռում հիշատակել էր Մնացական Մարտիրոսյանի անունը, ինչը սովորաբար չի արվում: Արդարադատության նախարարը դիմել էր ԲԴԽ՝ միջնորդելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին: ԲԴԽ-ն, սակայն, գործը երեք ամսից ավելի էր քննել ու որոշել դադարեցնել քննությունը, քանի որ սահմանված ժամկետը լրացել է:
Հայկ Սանոյան - Օրենսդիրը հնարավորություն է տալիս որոշակի բացառիկ դեպքերում ժամկետը երկարաձգելու, և մենք հանդես եկանք էդ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդում: Միջնորդեցինք, որպեսզի այդ եռամսյա ժամկետը որոշակի անորոշ ժամկետով երկարաձգվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացառիկ հանգամանքներ են տեղի ունեցել, բայց ԲԴԽ-ն չհամաձայնեց մեր դիրքորոշման հետ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան