Բաղրամյան 26-ում նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել է պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահները առանձնազրույց են ունեցել, այնուհետև երկու երկրների պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Խաչատուրյանը Եգիպտոսի պաշտոնակցի այցը պատմական է որակել, շեշտել՝ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որ ապաստան տվեց Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի, նաև՝ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով:
Եգիպտոսի նախագահը ևս կարևորել է երկու երկրների բազմաշերտ գործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, վստահեցրել՝ պատրաստ են հնարավոր ջանքեր ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի (Եգիպտոսի նախագահ) - Մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում, և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք:
Արդեն մամուլի համար նախագահների հայտարարության ժամանակ Խաչատուրյանը նշել է՝ թեև անցած տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցվել, սակայն առևտրատնտեսական, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում չիրացված հնարավորություններ դեռ կան: Եգիպտոսը Հայերի համար հանգստի ամենանախընտրելի ուղղություններից է, և Հայաստանի կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի դյուրացումից հետո ակնկալվում է նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք Հայաստան:
Վահագն Խաչատուրյան - Անշուշտ, նախագահ Ալ-Սիսիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Քննարկեցինք նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:
Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիպտական հարաբերությունները, որոնք պատմական խոր արմատներ ունեն, ընդգծել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին՝ բարձր գնահատելով եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, անդրադարձել նաև Եգիպտոսի կողմից գազի և էներգիայի արտահանման հարցերի շուրջ Հայաստանի նախագահի հետ առանձնազրույցին:
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի - 2022 թվականի նոյեմբերին Շարմ էլ Շեյխում անցկացված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային նվիրված համաշխարհային գագաթնաժողովին նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությունն արտացոլում է Հայաստանի կողմից ուշադրությունը կլիմայի խնդրին:
Այնուհետև երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև գիտական և տեխնոլոգիական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում գործակցության մասին փոխըմբռնման հուշագրեր, նաև՝ հուշագիր Հայաստանի ներդրումների աջակցման կենտրոնի և Եգիպտոսի ներդրումների, ազատ առևտրի գոտիների տնօրինության միջև: