Հավաք-խորհրդակցությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հունվարի 19-ին Գեղարքունիքում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների:
ՍՊԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԱՊՐԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ. ՎԱՐՉԱՊԵՏ
Բանակի ձևավորման 31-րդ տարեդարձի առիթով վարչապետը նախ շնորհավորեց ներկաներին, ապա նկատեց՝ բանակ- պետության որակական կապը շատ ուղիղ է, դրանց զարգացումն՝ ամենօրյա աշխատանք է: Մենք պետք է ճանաչենք մեր խնդիրները, բոլոր ձախողումները և մեր բոլոր հաջողությունների էությունը, ասաց Նիկոլ Փաշինյանը, նշեց.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Բանակն առաջին հերթին հենված է սպայի ինստիտուտի վրա։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ սպայական կոչման և սպայական աշխատանքի վարկը պետության անվտանգության խնդիր է։ Սպան չի կարող չապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Սա պետք է լինի մեր ամենակարևոր արձանագրումը, որովհետև սպան պետության հենասյունն է, ընդ որում, բանակի սպան, հատուկ ծառայությունների սպան, ոստիկանության սպան։ Այստեղից են, որ սկսում են մեր բոլոր պրոբլեմները, որովհետև մեզ թվացել է, թե մենք կարող ենք ապահովել պետության անվտանգությունը` սպային մղելով յոլա գնալու դաշտ և հարթություն։
Սպայի ընտանիքը պետք է ապրի բարեկեցիկ։ Սա մարտավարական նպատակ է՝ շեշտեց վարչապետը: Միևնույն ժամանակ ընդգծեց՝ սպան պետք է գիտակցի իր առաքելությունը, լինի պրոֆեսիոնալ, մասնագիտական առանձնահատուկ հմտություններով: Ըստ Փաշինյանի հենց այս բանաձևն է դրվում Զինված ուժերի բարեփոխումների հիմքում։
Նիկոլ Փաշինյան - Սպայի պրոֆեսիոնալ իմացությունը, հմտությունը և նրա ընտանիքի բարեկեցությունը՝ սկսած սոցիալական երաշխիքների համակարգից, բնակարանային ապահովության համակարգից, շարունակած նրանց ընտանիքի անդամների, երեխաների կրթության հնարավորություններով, որովհետև պետք է հասկանանք, երբ մարդը ծառայում է Հայրենիքին` սպայի կարգավիճակում, նա սովորականից ավելի պակաս ժամանակ է տրամադրում իր ընտանիքին։ Մենք պետք է առերեսվենք այս պրոբլեմների հետ և այնպես անենք, որ այս իրողությունը նեգատիվ ազդեցություն չունենա ընտանիքի բարեկեցության և երեխաների հետագա ճակատագրի, կրթության հարցերում։ Պետությունն այստեղ պետք է կանգնած լինի սպայի կողքին, կրկնում եմ՝ միևնույն ժամանակ, որևէ կոմպրոմիսի չգնալով սպայի որակական հատկանիշների առումով։
ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Որպես բանակի զարգացման հիմք Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց նաև պրոֆեսիոնալ կարողություններով ու հմտություններով զինվորներ ունենալը: Ըստ նրա զիված ուժերում սկսված գործընթացը պետք է ապահովի նախանշված խնդիրների կատարումը: Ասաց՝ այսօր բախվում ենք մի խնդրի, երբ, իր խոսքով, կենացային հայրենասիրությունը, ճառերը և իրականությունը տաբերվում են իրարից: Վարչապետն անդրադարձավ նաև բարեփոխումների գործընթացին:
Նիկոլ Փաշինյան - Մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ չենք ընկալել, որ բանակն ինքնին անվտանգության ապահովման գործում չի կարող միայնակ իրագործել այդ խնդիրը, եթե չունի շարունակություն: Այս առումով, ուզում եմ ընդգծել այն բարեփոխումները, որ նախաձեռնել ենք պահեստազորի կառավարման կամ պատրաստության առումով: Մի քանի անգամ խորհրդակցություններ ունեցել ենք, և ես ընդգծել եմ՝ այն մարտունակությունը, որ ունենք բանակում, զինծառայողների շրջանում, պետք է այսպես ասած, արտապատվիրակենք, փոխանցենք պահեստազորին: Իսկ բանակում զինծառայության մեջ գտնվող սպաների և զինծառայողների մարտունակությունը պիտի լինի նոր որակի, որը շատ դեպքերում մեզ նույնիսկ անծանոթ է: Մենք այս խնդիրները լուծելու պարագայում է, որ կունենանք նոր իրավիճակ, և մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով:
Փաշինյանն ընդգեց նաև աշխարհազորի՝ որպես ինստիտուտ կայացումը: Ասաց՝ այս օրերին բանակին օգնում են կամավորներ, տարբեր կազմակերպություններ: Շնորհակալություն հայտնեց նրանց ու հիշեցրեց՝ երկրում պետք է մեկ բանակ լինի և նման ծառայություն մատուցող անձինք պետք է տեղավորվեն հրամանատարական ուղղահայացի մեջ: Խոսելով բանակի զրագացումից, վարչապետը նկատեց՝ հնարավորությունները կախված են տնտեսությունից,
սպառազինության ձեռքբերումը իրականացնում ենք այնքանով, ինչքանով հնարավորությունը տալիս է պետական բյուջեն: Իսկ բյուջեն ձևավորվում է հարկերից:
Նիկոլ Փաշինյան - 2023 թվականին մենք 2018 թվականի համեմատությամբ 113 տոկոսով ավելացրել ենք պաշտպանական ծախսերը: Այդ ծախսերի մի մասը գնալու է զինծառայողների սոցիալական ապահովությանը, աշխատավարձերի բարձրացմանը, մյուս մասը՝ սպառազինության և տեխնիկայի ձեռքբերումներին, մյուս մասը՝ ինժեներական աշխատանքներին և այլն: Եվ ես ուզում եմ նաև այս դահլիճում շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում և օրենքով սահմանված կարգով հարկեր են վճարում պետությանը: Ընդհանրապես և այդ թվում անվտանգության ոլորտում շատ կարևոր է, որ կարողանանք փոխել հարկ վճարելու ընկալումը մարդկանց կողմից, որովհետև դարձյալ կրկնում եմ՝ սխալ է այն ընկալումը, թե պետությունը մարդկանցից վերցնում է այդ գումարը հարկի տեսքով: Ո՛չ, երբ մարդը, քաղաքացին հարկ է վճարում, նա իր աջ գրպանից գումարը տեղափոխում է ձախ գրպան, կամ հակառակը, որովհետև վճարված հարկերի հաշվին է ապահովվում երկրի անվտանգությունը:
Բանակում կարևոր է նաև կին զինծառայողների ներկայությունը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Զինված ուժերի բարեփոխումների մյուս կարևոր ուղղությունն, ըստ վարչապետի, կանանց ներգրավվածության մեծացումն է՝ այդ թվում մարտական ծառայության ոլորտում:
ԲԱՆԱԿԸ ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյան - Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող: Սակայն դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը:
Վարչապետը խոսքը եզափակեց, նկատելով՝ դժվար ճանապարհ ենք անցնում, և ինչպես կանցնենք այդ ճանապարհը՝ կախված է մեզանից, մեր կամքից, մեր հավատից, մեր նվիրումից, մեր ազնվությունից: