ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։
Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։
Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունը ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։
Կողմերը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ նշել է ՆԳ նախարարության կազմավորման, ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների մասին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։