ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ «ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»՝ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԱԽՈՂՎԵԼ, ԵԹԵ ԿԱ ՆՎԻՐՈՒՄ, ՀԱՎԱՏ. ՎԱՐՉԱՊԵՏ
Բանակի կազմավորման տարեդարձի օրը առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի: Զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Հայաստանի վարչապետի ուղերձից է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:
Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:
Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես իրագործման փուլում են: Ներկայում ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:
ԲԱՆԱԿՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանի վարչապետը նշել է, որ առաջիկայում պլանավորվում է բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել: Ընթացքի մեջ է նաև եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:
Նիկոլ Փաշինյան - 2018 թ. նկատմամբ 2023-ի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, որոնք իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:
Բարեփոխումների գործընթաց անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհվել են ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերություններին ու իրավիճակներին:
ՄԵՐ ԲԱՆԱԿԻ ՆՊԱՏԱԿԸ ՄՆԱՑԵԼ Է ՄԻՇՏ ՆՈՒՅՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԱՀ
Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության պահպանությունն ու պաշտպանությունը և ամենակարևորը՝ մեր երկրում խաղաղության երաշխավորումը,- Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում նշել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և' հաղթանակի բերկրանք, և' կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար:
ՋԱՆՔ ՉԵՆՔ ԽՆԱՅԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ՍԻՄՈՆՅԱՆ
Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ և ապրել ծանր ու օրհասական ժամանակներ: Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար,- շնորհավորական ուղերձում նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, և առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք: Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության և բարեփոխված զինված ուժերի: Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում: