ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ. ԴՈՆՖՐԻԴ
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հետ հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ: Դոնֆրիդն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների քննարկումներ, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացման հարցեր:
«Կարծում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու են այս գործընթացին։ Պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշել է Դոնֆրիդը:
Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Պետքարտուղարի տեղակալը նաև երախտագիտություն է հայտնել Եվրամիությանը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար և աջակցություն հայտնել նախաձեռնությանը:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԿՐԿԻՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼ
Արևելյան Երուսաղեմում կրկին կրակոցներ են հնչել: Հրաձգությունը տեղի է ունեցել հին քաղաքից ոչ հեռու գտնվող Դավթի քաղաքի հնագիտական պարկի մուտքի մոտ: Տուժել է երկու տղամարդ: Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք հայր և որդի են և անմիջապես հոսպիտալացվել են: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսրայելի ոստիկանությունը նոր միջադեպը ևս որակել է որպես ահաբեկչություն: Տեղի ունեցածն Արևելյան Երուսաղեմում մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ միջադեպն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Արևելյան Երուսաղեմի սինագոգներից մեկի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին: Հարձակման պատճառով զոհվել է առնվազն 8 մարդ:
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում նախօրեին ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է: Երուսաղեմում տեղի ունեցածը դատապարտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը:
Հունվարի 27-ին հրեաները նշում էին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼ ՄԻՑՈՏԱԿԻՍԻՆ
Հունաստանի խորհրդարանը մերժել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորած կառավարությանն անվստահության քվեն՝ քաղաքական գործիչների, նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, զինված ուժերի ղեկավարության գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով:
Կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությանը 300 պատգամավորից մասնակցել է 299-ը:
Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 143 պատգամավոր, սակայն որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 151 ձայն։ Դեմ են քվեարկել իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 156 պատգամավորներ։
Այսպիսով, ընդդիմությունը չի հաջողել պաշտոնանկ անել Միցոտակիսի նախարարների կաբինետը։