Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հետ հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Դոնֆրիդն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:
«Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացն ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների քննարկումներ, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացման հարցեր:
«Կարծում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշել է Դոնֆրիդը: Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Պետքարտուղարի տեղակալը նաև երախտագիտություն է հայտնել Եվրամիությանը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար և աջակցություն հայտնել նախաձեռնությանը:
ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՈՒԹԻ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ։ «Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա», - հայտնել են Սպիտակ տանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: Երուսաղեմում տեղի ունեցածը դատապարտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում նախօրեին ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Հունվարի 27-ին հրեաները նշում էին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը:
ՄԱԿՐՈՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Ինձ կարող էին քննադատել նրա համար, որ երկխոսություն եմ վարում Ռուսաստանի հետ: Չնայած դրան՝ ես կշարունակեմ այդ երկխոսությունը»,- ասել է Մակրոնը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ աշխարհում կարգուկանոնի ապահովումը ընդհանուր պատասխանատվություն է: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի նաև Ռուսաստանի համար։ Նրա խոսքով՝ այդ հարցը խաղաղության մասին ապագա քննարկումների մի մասն է լինելու, ուստի պետք է մտածել այն մասին, թե ինչպես Ֆրանսիան և ԵՄ-ն կկարողանան պաշտպանել իրենց դաշնակիցներին՝ միաժամանակ անվտանգության երաշխիքներ տրամադրելով Մոսկվային: