Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանի սաները Հայոց բանակի օրվա կապակցությամբ ռազմական վարժանք են իրականացնում՝ մոտակայքում գտնվող պայմանական դիվերսիոն խմբին հայտնաբերում և վնասազերծում են:
Սամվել Խաչատրյան (Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանի ուսուցիչ) - Մասնակցում էր 3 ջոկ, 3 ջոկի միջոցով դիվերսիոն խումբը վնասազերծվեց, վերցվեց գերի, բնականաբար ունեցանք ճանապարհին վիրավոր, վիրավորին ցույց տվեցին առաջին օգնություն, վիրակապ դրեցին և այլն, և կարողացան իր խնդիրը լուծած վերադառնալ ստորաբաժանում:
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայության տակ գտնվող վարժարան՝ ծանոթանալու պայմաններին:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Վստահ եմ, որ առաջ եք գնալու, մենք էլ շատ ամուր ենք մեզ զգում, որ դուք այ սենց լավ սովորում եք, ու արդեն էդքան բան գիտեք ու կարողանում ենք անել: Հույս ունեմ, որ դրա կարիքը չենք ունենա, էս կմնա, որպես ուսումնական ու հենց էդպես էլ կլինի, բայց կարիքի դեպքում էլ պատրաստ կլինենք:
Վարժարանում հիմա 7-ից 9-րդ դասարանի աշակերտներն են սովորում, սակայն հաջորդ տարվանից կգործի նաև ավագ դպրոց:
Գուրգեն Նազարյան (Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանի ուսուցիչ) - Առաջին բլոկում մինչև կեսօր ուսուցանվում ա հանրակրթական առարկաները՝ հանրակրթական չափորոշիչներին համաձայն, իսկ օրվա կեսից հետո երկրորդ բլոկում ռազմամասնագիտական, ավելի շուտ մարզառազմագիտական մասնագիտացված առարկաները, որից հետո, քանի որ երեխաները մնում են այստեղ վարժարանում՝ հաջորդիվ ըստ կարգացուցակի, իրենց կենցաղի, դասապրոցեսի կազմակերպման:
Սաներն ուսուցումից գոհ են՝ նշում են նպատակ ունեն ապագայում զինվորական դառնալ:
Արարատ Մաղաքյան (Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանի սան) - Իմ մանկության երազանքն ա եղել, որ ես ընդունվեմ այս կարգի դպրոց, խորացված ուսումնասիրեմ ռազմական առարկաները և այսօր ես հասել եմ այդ նպատակիս:
Նախարար Անդրեասյանի համոզմամբ, ռազմական կրթության գործում կառավարությունը շատ բան ունի անելու, առանձնացրեց երկու տեսակի խնդիրներ:
Ժաննա Անդրեասյան - Առաջին մասը նախնական զինվորական պատրաստականություն առարկայի և ընդհանուր գիտելիքների բարելավումն է բոլոր դպրոցներում, բոլոր երեխաների համար, որովհետև կա գիտելիքների ու հմտությունների մի պաշար, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրիս: Երկրորդ բլոկը բուն մասնագիտական կրթությունն է, այստեղ մենք ձեր հետ միասին մարզառազմական վարժարաններից մեկում են, Արամ Մանուկյանի անվան վարժարանում, այս պահին ունենք 3 նման մասնագիտացված հաստատություն, բայց իհարկե, գիտեք քննարկումը սպայական ավագ դպրոցի կառուցման մասին, որը պետք է լինի նոր բովանդակություն և որակ կրող մի կառույց:
Տեղեկությունները, թե նախարարությունն արգելել է դպրոցներում ռազմահայրենասիրական միջոցառումների անցկացումը՝ Անդրեասյանն ապատեղեկություն որակեց:
Ժաննա Անդրեասյան - Այս տարեսկզբից մենք ավելի քան 900 խմբակների ծրագրեր ենք հաստատել, երաշխավորել դպրոցներում, և դրանց մի զգալի մասը կրում է հենց ձեր նշած ռազմահայրենասիրական զինվորական պատրաստության բնույթ: Այն տեղեկատվությունը, որը միտումնավոր կարծում եմ կեղծվեց, վերաբերում էր նրան, որպեսզի զինված բնույթ ունեցող կառույցները, զորամասերը չտեղակայվեն դպրոցների ուսումնական հաստատությունների շենքրևոմ կամ դրանց կից և որևէ խոսք, և որևէ ծրագիր ուղղված ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցմանը կամ կասեցմանը ուղղակի չի եղել:
Վարժարանն ընթացիկ ուսումնական տարվանից է տեղափոխվել Կոտայքի մարզում գտնվող այս շենք: Նախարարը նշեց՝ առաջիկայում շատ անելիքներ կան, սկսած սպորտդահլիճ և հրաձգարան կառուցելուց, մինչև գույքի թարմացում ու շենքի նորոգում:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան