220 կրեդիտ: Սա նվազագույն քանակն է, որը բժիշկները պետք է կուտակեին նախորդ տարիների ընթացքում՝ հավաստագիր ստանալու և այս տարվանից մասնագիտական աշխատանքը շարունակելու իրավունքի համար:
35 հազար բուժաշխատողից մոտ 5 հազարն առայժմ չունի այդ հավաստագիրը: Արդեն գործազուրկ ստոմատոլոգ Գոռ Բաբաջանյանը՝ այդ թվում:
Շատերի պես կարծել է՝ ինչպես նախկինում, այս անգամ էլ վերջնաժամկետը կհետաձգվի, կամ էլ կվերանայվեն իրավակարգավորումները: Կրեդիտներ ստանալ հնարավոր էր վերապատրաստումների և դասընթացների մասնակցելով:
Բաբաջանյանն առաջարկում է՝ այս կամ այն պատճառով անհրաժեշտ կրեդիտներ չկուտակած բուժաշխատողներին հնարավորություն տալ թեստային քննության միջոցով ցույց տալ գիտելիքների մակարդակը, եթե կարևոր են մասնագիտական ունակությունները, և ոչ թե դրանց ձեռքբերման աղբյուրը կամ միջոցը: Հիմա կարող են քննություն հանձնել այն բուժաշխատողները, որոնք ունեն նվագագույն կրեդիտների գոնե 70 տոկոսը:
Գոռ Բաբաջանյան (ստոմատոլոգ) - Եթե չեմ անցնի, թող ասեն՝ ցտեսություն, սա քո ոլորտը չէ, կամ ինչ-որ հավելյալ հնարավորություններ ստեղծեն նոր կրեդիտներ հավաքելու և այդ փուլը անցնելու: Ինչո՞ւ հնարավոր չէ առանց նախապայմանների, առանց կրեդիտների և գումար ծախսելու այդ ամենը կազմակերպել:
Առողջապահության ազգային ինստիտուտը տարբեր առիթներով վստահեցրել է՝ կրեդիտավորվելու համար անհրաժեշտ վերապատրաստումների անվճար հնարավորություններ նույնպես կան: Բժիշկ-ստոմատոլոգ Գոռ Բաբաջանյանը պնդում է՝ իր ոլորտի դեպքում դա ճշմարտության մի մասն է: Անվճար կրեդիտներ հավաքել կարելի է, բայց անհրաժեշտի 10 տոկոսի չափով: Այլ ստոմատոլոգներ նույնպես հաստատում են՝ վերապատրաստումները վճարովի են, արժենում են մինչև 220 հազար դրամ:
Գոռ Բաբաջանյան - Եթե իրոք համակարգը ուզում է, որ մի հատ պատկերը տեսնի, թող մտցնի այս քննական կոմպոնենտը, տեսնենք քանի հոգի կդիմեն: Եթե իրոք էլի եմ ասում, իրենց նպատակը փող աշխատելը չէ, որովհետև սա մեծ գումարներ գեներացնելու միջոց է, օրինական միջոց է:
Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավարն ասում է՝ կրեդիտներ հավաքելու համար բուժաշխատողները մի քանի տարի են ունեցել ու բավարար քանակ ապահովելը իրատեսական է, այդ թվում՝ գիտական գործունեության միջոցով:
Լիլիթ Հարությունյան (ԱԱԻ մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար) - Օրինակ ես չեմ կարող ասել՝ մեր կրեդիտավորման դասընթացների որ մաս է վճարովի, որ մասը անվճար, դա արդեն ըստ կազմակերպչի հայեցողության է: Այսքան տարիների փորձը ցույց է տվել, որ եղել են բազմաթիվ և անվճար դասընթացներ, և վճարովի, ու հետաքրքրվելու դեպքում կարծում եմ հնարավորություն կար այս տարիների ընթացքում ինչ-որ դասընթաց գտնելու և մասնակցելու, միայն ցանկություն էր պետք:
Հնարավո՞ր է արդյոք օրենքի վերանայում, որպեսզի ոլորտում վերջին նորություններին տեղյակ լինելը ոչ միայն կրեդիտավորման, այլև բացառապես թեստավորման միջոցով ստուգվի, գոնե առայժմ չի քննարկվում:
Հավաստագիրը հնարավորություն է տալիս բուժաշխատողին մասնագիտական գործունեություն իրականացնել հինգ տարի ժամկետով, դրանից հետո կարիք կլինի ստանալ նոր հավաստագիր:
Հեղինակ՝ Աննա Զախարյան