ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՈՒԹԻ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում առաջարկել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Արևելյան Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասված է Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ։
«Նախագահը հստակ նշել է, որ դա հարձակում է քաղաքակիրթ աշխարհի վրա»,- հայտնել են Սպիտակ տանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես դատապարտել է Երուսաղեմի սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը: Երուսաղեմում տեղի ունեցածը դատապարտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄԷ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան: Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ սինագոգում նախօրեին ահաբեկչություն կատարած անձը Արևելյան Երուսաղեմի բնակիչ է:
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Հունվարի 27-ին հրեաները նշում էին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը երկրում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին Եվրոպայում Ղուրանի պղծման մի շարք ակցիաներից հետո:
Ավելի վաղ նման նախազգուշացմամբ էին հանդես եկել Թուրքիայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները: «Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատականներով՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրանի այրման միջադեպից հետո աճում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը Թուրքիայում», - ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ կառավարությունն էլ նախազգուշացրել է Թուրքիայում կրոնական հաստատությունների վրա ահաբեկիչների հնարավոր պատասխան հարձակումների մասին: Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները իրենց քաղաքացիներին հորդորել են առավելագույն զգոնություն ցուցաբերել հասարակական վայրեր այցելելիս, խուսափել մարդաշատ վայրերից:
ԱՄՆ-Ը ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՀԱՄԱՐԵԼ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավանական է համարել Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում հրաժարվել որևէ զենքի մատակարարման քննարկումից։ Միաժամանակ նա չի հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ հատկացնելու մասին։
Սինգհը նշել է, որ այդ կործանիչները «բարդ համակարգ» են, որոնք պահանջում են հատուկ ուսուցում։ Ավելի վաղ Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հնարավոր էր համարել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն կորոշեն Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը, սակայն, ըստ նրա, դա չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա, քանի որ «Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի օդային տարածքը»։
«Մեր տեխնիկան գերազանցում է նրանց, Ուկրաինայի տարածքն էլ վերահսկվում է «օդ-օդ» հրթիռներով»,- վստահ հայտարարել է դիվանագետը։