Գլխավոր դատախազը Զինվորի տանն է: Կենտրոնի տնօրենն ու Բժշկականի ռեկտորն ուղեկցում են Աննա Վարդապետյանին, ծանոթացնում արդեն 5 տարվա պատմություն ունեցող հաստատության հետ:
Նոր տարուց առաջ էր, կենտրոնում բացվեց մատուռը, փոքր ու համեստ, կահավորված միայն Արցախից բերված խաչքարով՝ պատմեց Արմեն Մուրադյանը:
Ֆիզիոթերապիայի դահլիճում էլ մարզումների ժամ է: Այստեղ ստացիոնար բուժում ստացող զինհաշմանդամներն են: Վերականգնողական բուժման համար նախատեսված եզակի սարքավորումներով է հագեցած զինվորի տունը՝ ներկայացնում են գլխավոր դատախազին, բացատրում ամեն սարքի տված հնարավորությունները:
Հայկուհի Մինասյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Սա յուրջինն է, օգնում է, որ մենք մարմնի քաշը կարողանանք թեթևացնել, և էն ֆունկցիաները, որ նախկինում պետք էր մի քանի մարդու միջնորդությամբ լինեին, նաև այդքան անվտանգ չէին, հեշտ չէին և բարդացնում էին վերականգնողական բուժման պրոցեսը, այժմ այս սարքավորման միջոցով կարողանում ենք իրականացնել: Շատ թանկ սարք ա, 350 հազար դոլար արժե էս սարքը, 126 շարժում է անում, 90 տոկոսով կարող է քաշը իջեցնել:
Պատերազմը նպաստեց նոր որակի բժշկության զարգացմանը, պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել՝ բացատրում է բժշկականի ռեկտորը, շեշտում՝ այժմ զինվորի տանը աշխատող մասնագետները անգամ փորձի արտահանմամբ են զբաղվում:
Երրորդ հարկի դահլիճն էլ կապիտան Արմենակ Ուրֆանյանի անվամբ է: Այսօր նա կդառնար 33 տարեկան: Բանակի օրն էր ծնվել քառօրյայի ժամանակ զոհված Արցախի հերոսը:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Մենք իր ծննդյան օրն ենք բացել. մայրը բացեց՝ Համեստ Ուրֆանյանը: 19 թիվն էր, որ բացեցինք, եթե չեմ սխալվում:
Վերականգնողական կենտրոնը նաև վիրահատական բլոկ ունի, այն դեռ չի գործում, լիցենզավորման փուլում է: Այս պատերի ներսում հաջողության բազմաթիվ պատմություններ էլ ունեն: Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արշակին երկու ոտքից պրոթեզավորված լինելը չի խանգարում զգալ իսպանական ռիթմերի շունչը:
6-7 ամիս է պահանջվել, որ կարողանան պարը սովորել, գեղեցիկ բեմադրություն ստանալ: Պարում են, մարզվում, փորձում ապրել, չնայած ֆիզիկական խնդիրներին: 44-օրյա պատերազմը բեկումնային է եղել նաև իմ կյանքում՝ զինհաշմանդամ տղաների հետ զրույցում անկեղծացավ դատախազը: 2019-ին դուրս էր եկել պետական աշխատանքից ու տեղափոխվել այլ երկիր, բայց վերադարձավ 2020-ին ու պատերազմից հետո որոշեց՝ այլևս երբեք չի հեռանա Հայաստանից:
Աննա Վարդապետյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Շատերն ինձ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ դու սենց մեծ պատասխանատվություն ես ստանձնել, որովհետև լինել հետպատերազմյան երկրի գլխավոր դատախազը՝ ահռելի անձնական պատասխանատվություն է: Ես էդ ուղղակի մեկնաբանեցի, որ դա ուղղակի իմ առաքելությունն է. մարդիկ, երիտասարդ տղաները իրենց ամենաթանկն են նվիրաբերում, ուրեմն ես էլ եմ պարտավոր դա անել, ու այսօր յուրաքանչյուր գործ, որ ինձ մոտ զեկուցվում է, իմ գլխի մեջ անցնում է 44-օրյա պատերազմի պրիզմայով՝ յուրաքանչյուր չարաշահման վերաբերյալ հաստատված հանգամանքն իմ մոտ դառնում է զենք-զրահաբաճկոն, էն ամեն ինչը, ինչ որ անհրաժեշտ էր կյանքեր փրկելու համար, ու էդ իմ ամենօրյա մոտիվացիան է աշխատանքի գնալու:
Վարդապետյանը նվերներով էր եկել՝ գրքեր, որոնք ինքն է կարդացել, սիրել: Ստրելեքի «Վերադարձ սրճարան», «Աշխարհի եզրին», Հոսեյնիի՝ «Օդապարուկ թռցնողը», մեկն էլ սպորտային՝ Լեոնել Մեսիի կենսագրականը: Սրանք նաև մոտիվացնող են՝ նկատեց: Տղաներն էլ իրենց ձեռքով էին նվեր պատրաստել՝ բնական թիթեռներից կոմպոզիցիա, նաև գիրք՝ 44-օրյայի կամավորներից, կենտրոնի շահառու Նարեկ Վարդանյանի հեղինակմամբ: