Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրավական խոչընդոտներ չի տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու համար:
«Թուրքիան 2018 թ. ընտրություններում ընտրել է կառավարման նոր համակարգ։ Նախագահական ժամկետների ժամանակացույցը զրոյացվել է։ 2018 թ. ընտրված նախագահը կառավարման նոր համակարգով ընտրված առաջին նախագահն է»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ թուրքական վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքը հայտարարել էր, որ Էրդողանն իրավունք չունի կրկին առաջադրվելու նախագահի պաշտոնում, քանի որ երկու անգամ զբաղեցրել է Հանրապետության ղեկավարի պաշտոնը և, 2017 թ. սահմանադրական փոփոխությունների համաձայն, չի կարող երրորդ անգամ առաջադրվել:
Էրդողանն արդեն երկու անգամ նախագահ է ընտրվել՝ 2014 թ. և 2018 թ.: