Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարար Անահիտ Ավանեսյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը աշխատանքային խորհրդակցություն են ունեցել մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ: Նախարարին և մարզպետին ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն արժանացել էր առողջապահության նախարարության հավանությանը: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:
Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը: Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված, վերապատրաստված մասնագետներով ԱԱՊ օղակ` բարձրորակ թերապևտիկ ծառայություններով, և կկրճատվեն ստացիոնարների անհարկի ուղղորդումները:
Ի դեպ, կապիտալ վերանորոգումների ծրագրի շրջանակներում այս տարի Արարատի մարզում 4 առողջության կենտրոն է վերանորոգվելու և վերազինվելու. ծրագրի շրջանակներում ներառված են նաև մի շարք բժշկական կենտրոններ:
Հանդիպման վերջում նախարարը նշել է, որ առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի անցման համար ամբուլատորիաների ղեկավարների հետ առցանց քննարկումներ կկազմակերպվեն: