Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու գործիքակազմի ներդրումը: Այն ներառված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծում:
Հայկ Սանոյան (Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ) - Նաև արձանագրել է, որ սա արձագանք է իր կողմից արված դիտարկումներին, որ կա խնդիր, որ դատավորներին պետք է հնարավորություն տրվի Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու:
Ըստ Սանոյանի՝ նման նախագիծ ներկայացնելու պատճառներից մեկն էլ միջազգային գործընկերների առաջարկություններն են, ըստ որոնց՝ դատավորները պետք է հնարավորություն ունենան ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու իրենց նկատմամբ կայացված որոշումները: Առաջարկվող փոփոխությամբ՝ վերաքննության կարգով բողոքարկումը իրականացվելու է հենց ԲԴԽ-ում:
Հայկ Սանոյան - Սահմանվելու է, որ այսուհետ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարգապահական վարույթները քննվելու են Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամների կողմից, և եթե կողմերը, այդ թվում և՝ դատավորները, հնարավորություն ունենան, ցանկություն ունենան բողոքարկելու բարձրագույն դատական խորհրդի 4 անդամի կողմից կայացված որոշումը, այդ բողոքի քննությունն իրականացվելու է արդեն Բարձրագույն դատական խորհրդի մյուս 6 անդամների կողմից, որոնք չեն մասնակցել էդ գործի, պայմանական ասած՝ առաջին ատյանում քննությանը:
Սանոյանի խոսքով` կայուն կազմ չի լինելու, յուրաքանչյուր դատավորի գործով տարբեր 4 անդամներ են լինելու:
Հայկ Սանոյան - Այս պահին առաջարկվող նախագծով 4-ից 3 անդամ պետք է մի որոշման կողմնակից լինի, որպեսզի որոշումն ընդունված համարվի:
Բարձրագույն դատական խորհրդից հրաժարվեցին նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել: Նախագիծն ամբողջացնելուց հետո նախագիծը կդրվի հանրային քննարկման: ԲԴԽ-ի տրամադրած տվյալների համաձայն` 2022 թվականին հունվարից մինչև դեկտեմբեր խորհուրդը ստացել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 22 միջնորդություն, որից բավարարվել են 10-ը, մերժվել՝ 8-ը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան