Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագրով դեռևս 2019-ից ներկրված 1330 տոհմային ոչխարների թիվը սերնդատվության հաշվին Հայաստանում արդեն մոտ է 5 հազարին: Ռոմանովյան, դորպեր, բլանշ, հիսարյան, оստֆրիսլանդական ցեղատեսակներն աչքի են ընկնում բազմապտղությամբ: Տարիների ընթացքում դրանց թիվն էլ ավելի կշատանա՝ վստահ է Էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետը:
Լևոն Տեր-Իսահակյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ) - Բացառությամբ ռոմանովյան ցեղի, 100 մաքու հաշվով ստացվում է 140-160 գառ: Իսկ ռոմանովյան ցեղի պարագայում՝ մինչև 300 տոկոս կարող է կազմել պտղատվությունը:
2022-ի սկզբին Հայաստանում հաշվառվել էր 700 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, որոնց պտղատվությունը կազմում է 100 մաքու հաշվով 120 գառ: Ներկրված տոհմային կենդանիների մայրական կազմն առնվազն երեք տարի մորթի եнթակա չէ՝ ասում է անանասնաբուծության վարչության պետը:
Լևոն Տեր-Իսահակյան - Ստացված էգ կենդանիները օգտագործվում են հետագայում որպես սերունդ տվող կենդանիներ, արուները վաճառվում են կամ մսի, կամ իրականացվում է տոհմային վաճառք, տոհմային կենդանիները վաճառված օգտագործվում են տրամախաչումների համար:
Տեղական կենդանիների հետ տրամախաչումից ևս ստացվում են արտադրատնտեսական տեսանկյունից որակյալ տեսակներ՝ կարևորում է անասնապահության վարչության պետը: Այս տարի պետբյուջեի միջոցներով ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը կշարունակվի:
Լևոն Տեր-Իսահակյան - Ծրագրի հաշվետու ժամանակահատվածը 2019-2023 թվականն է, ուստի լավ հնարավորություն է ընձեռված, որպեսզի հոտերը բարելավել:
Այս տարի ևս կենդանի ներկրելու համար պետությունը կփոխհատուցի ներդրված ծախսերի 23 տոկոսը, իսկ սուբսիդավորման մեխանիզմով վարկը հասանելի կլինի ընդամենը 2 տոկոսով: