2022-ի վերահսկողական գործառույթների արդյունքներով Պետական վերահսկողական ծառայության փոխանցած փաստաթղթերի, տեղեկանքների, նյութերի, հաղորդումների հիման վրա արդեն նախաձեռնվել է 77 քրեական վարույթ: Թիվը ավելին է, քան հրապարակվում է. կան լայնածավալ, խոշորամասշտաբ ուսումնասիրություններ, որոնք դեռևս ամփոփված չեն: 77-ից միայն 22-ը վերաբերում են Երևանի քաղաքապետարանում իրականացված ստուգումներին: Դրանք այս պահին էլ շարունակվում են: Նախորդ տարի 2 վերահսկողական գործառույթ էլ իրականացվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Շտապօգնություն ծառայությունում և մոտ 50 մլն դրամի առերևույթ խախտումներ են հայտնաբերվել:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ) -
Խոսքը վերաբերում ա միևնույն պացիենտին, բուժառուին հոսպիտալացնելու համար երկակի գանձումներին, այսինքն՝ տվյալ դեպքում և՛ համապատասխան բուժկենտրոնն է իր բուժառուի համար վճարել «Շտապօգնություն» ՓԲԸ-ին, և՛ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետները տվյալ գումարները նաև Արմեդ համակարգով գանձել են պետական բյուջեից:
Կրթության ոլորտը նույնպես շարունակում է ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում մնալ: «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցել էին Գլխավոր դատախազություն, և արդեն երեկ ստացել են քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ պաշտոնական հավաստումը:
Ռոմանոս Պետրոսյան - Խոսքը վերաբերում է աշխատավարձերի հաշվարկման, ուսանողների վարձավճարների հաշվարկման, զեղչերի ոչ իրավաչափ կիրառման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող մի շարք գույքերի ոչ արդյունավետ կառավարման:
Վերջերս ՊՎԾ-ն հրապարակեց, որ Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել է շուրջ 257 մլն դրամի առերևույթ խախտում: Գլխավոր հաշվապահը ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022 թթ. ընթացքում իր անձնական բանկային հաշվեհամարներին փոխանցել է մոտ 254 մլն դրամ, որից ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո վերադարձրել է 37,9 մլն-ը:
Ռոմանոս Պետրոսյան - Նաև իր անվամբ հիմնադրել է կեղծ իրավաբանական անձ, առանց ծառայություններ մատուցելու փաստացի, ծառայության մատուցման կեղծ պայմանագրի հիման վրա ևս 3 մլն դրամ տվյալ իրավաբանական անձի հաշվին և փոխանցել տվյալ կազմակերպության պաշտոնական հաշվեհամարից, միայն այն հիմամբ, որ անձամբ ինքն էր տնօրինում տվյալ հաշվեհամարը և ֆինանսական միջոցները: Քրեական վարույթ կա արդեն հարուցված, մեղադրանք է առաջադրված արդեն:
Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ ևս հայտնաբերվել են խախտումներ:
Ռոմանոս Պետրոսյան - Բարեգործական նպատակներով նաև պետությանը նվիրաբերած որոշակի խմբաքանակի դեղամիջոցներ են ամբարվում, ապա սոցիալական հատուկ խմբերին տրամադրվում են այդ դեղերը անվճար: Ուսումնասիրելու գործընթացներում շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի համապատասխան գումարի չափով դեղերի պակասորդ ենք հայտնաբերել:
Այս պահին մոտ 80 վերահսկողական գործընթաց է իրականացվում պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա ՊՈԱԿ-ներում, պետական մասնաբաժին ունեցող ընկերություններում, ինչպես նաև մի շարք մարզպետարաններում և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Ռոմանոս Պետրոսյան - «Հայփոստ» ՓԲԸ-ում շուտով կամփոփենք արդեն ուսումնասիրությունները, այնտեղ ևս բավականին լուրջ փաստեր ունենք, որոնք որ այս մեր վերլուծության ամփոփումների փուլ ենք մտել և օրենքով սահմանված կարգով պետք է ուսումնասիրության արդյունքները նաև տրամադրենք վերահսկող օբյեկտին՝ կարծիք տալու:
Գնումների ընթացակարգերում խտրականության կանխարգելման նպատակով ՊՎԾ-ն 2022-ին իրականացրել է 3100 գնման ընթացակարգի վերլուծություն, պատասխանատուներին ուղարկվել է 168 գնման գործընթացի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան