Նոր սերնդին՝ նոր հնարավորություն. Առաջին ալիքը մեկնարկում է «Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթը: Հեռուստատեսային նոր նախագծի նպատակն է ազգային երգերի հանրահռչակումն ու նոր տաղանդների բացահայտումը: Ստեղծագործական խումբն արդեն անցել է գործի:
Հրաչ Քեշիշյան («Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթի և «Երգ երգոց» հեռուստանախագծի բեմադրող ռեժիսոր) - Հատուկ ստեղծվում է «Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթի համար երաժշտական հեռուստատեսային ձևաչափ, և այդ ձևաչափում, բնականաբար, մենք պատրաստ ենք ընդունելու բոլոր տաղանդավոր, հետաքրքիր վոկալային տվյալներով երիտասարդների, ովքեր սիրում են ու երգում են ժողովրդական երգեր:
Հայկական հեռուստաեթերի ամենասիրված ու պահանջված հաղորդումներից մեկը՝ «Երգ երգոցը», 13 տարում կարողացել է զատել մշակույթի բնօրինակն ու պատճենը, մեծարել է բոլոր այն աշուղներին, կոմպոզիտորներին, երգահաններին, որոնք կերտել ու շարունակում են կերտել հայ երգի դիմագիծը:
Ռուբեն Մաթևոսյան (ՀԽՍՀ ժողովրդական արտիստ) - Սիրելիս, ես անչափ ուրախ եմ առաջին հերթին, որ վերաբացվեց «Երգ երգոցը», և մենք, մենք ասելով նկատի ունեմ հայ երաժշտասերին, հնարավորություն ունի առնչվելու հայ երգի հետ, լսի հայ երգը, հասկանա՝ ինչպիսին էր, ինչպիսին է, ինչպիսին պետք է լինի ապագայում:
«Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթի հայտագրման փուլն ընթացքի մեջ է: 16 տարին լրացած անձինք, որոնք սիրում ու կատարում են ազգային և ժողովրդական երգեր, կարող են դիմել՝ մինչև հունվարի 30-ն առցանց լրացնելով Առաջին ալիքի պաշտոնական կայքէջում առկա հարցաթերթիկը։
Արտեմ Խաչատուր (թառահար, կոմպոզիտոր, «Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթի երաժշտական մասի ղեկավար) - Թեժ մրցույթ է սպասվում, բայց նախքան մրցույթն ասեմ, որ գեղեցիկ տոն է սպասում մեր հանդիսատեսին ժողովրդական երգի, երաժշտության, քանի որ կարծես թե ժամանակը հասունացել է նորից ազգային երգը նորովի հնչեցնելու:
Մրցութային 16 շաբաթվա ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի լավագույն 8 մասնակիցներին, որոնք էլ հետագայում կդառնան «Երգ երգոց» նախագծի նոր անուններն ու ձայները:
Ռուբեն Մաթևոսյան - Ստեղծվել է մի փոքրիկ հանձնախումբ, որի ղեկավարությունը, վարելու, ընտրելու, անաչառ լինելու պատասխանատվություն՝ չէի ասի, բայց վստահությունը ստանձնել եմ ես, որովհետև կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, և ես ամեն ինչ կանեմ, որ լավագույնը տեղ գտնի «Երգ երգոցում»:
«Երգ երգոց. նոր ձայներ» համահայկական մրցույթին զուգահեռ յուրաքանչյուր շաբաթ եթերում կլինի «Երգ երգոց» հաղորդումը՝ շարունակելով հեռուստադիտողին մատուցել որակյալ երգ-երաժշտություն:
Խորեն Լևոնյան («Երգ երգոց» հեռուստանախագծի հաղորդավար, ՀՀ վաստակավոր արտիստ) - Իհարկե քիչ օր է մնացել հայտերը լրացնելու համար, բայց շատ եմ ուզում, որ հենց երիտասարդները մասնակցեն: Լինելու են շատ խստապահանջ ժյուրի, խստապահանջ կանոններ, և, կարծում եմ՝ պրոյեկտի վերջում ուրիշ տեսակ և մի քիչ որակով դեպի ավելի լավը հաղթողներ կլինեն, կփոխվեն երիտասարդները, ուրիշ տեսակ կմոտենան գործին, դրանում վստահ եմ:
Առաջին ալիքի և «Երգ երգոց» հեռուստանախագծի ստեղծագործական խումբը հեռուստադիտողին խոստանում է ազգային երաժշտության իսկական տոն:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան