Համայնքների խոշորացումից հետո գյուղաբնակներին որակյալ և հասանելի ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: Մարդիկ այլևս ստիպված չեն լինի մի տեղեկանքի համար մի քանի դուռ ծեծել կամ օրերով հերթ կանգնել: 17 բնակավայր ներառող Խոյ համայնքի գրասենյակն արդեն սկսել է աշխատել:
Համազասպ Դանիելյան (Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ազգային ծրագրերի ավագ համակարգող) - Գրասենյակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով, այսինքն` այն, ինչ առնչություն ունի համայնքային ծառայողի, նաև այլ ծառայությունների հետ, քաղաքացին կարող է ստանալ՝ մոտենալով այստեղ, շփվելով միայն մեկ ծառայողի հետ:
Գրասենյակը ստեղծվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Աջակցել են միջազգային գործընկերները՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունն ու Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը: Ծրագիրն իրականացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Մադլեն Ռաուշենբերգեր (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Հայաստանի բնակչության կեսից ավելին ապրում է մարզերում, ուստի նման կենտրոնների առկայությունն արդարացված է: Կարևոր է, որ գյուղաբնակները ևս օգտվեն քաղաքներին հատուկ սպասարկումից և զարգացող ոլորտների մաս կազմեն: Չպետք է մտածեն, թե ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, և իրենք դուրս են այդ գործընթացներից:
Բացի այդ, գրասենյակը կնպաստի համայնքի արդյունավետ կառավարմանը: Բնակիչներն էլ, չհեռանալով բնակավայրից, մեկ պատուհանից հաշված օրերի ընթացքում բարձրորակ ծառայություն կստանան:
Արայիկ Միրզոյան (քաղաքաշինության և հողաշինության բաժնի մասնագետ) - Այստեղ քաղաքացին ստանում է խորհրդատվություն, իմ օգնությամբ դիմում է լրացնում, իսկ պատասխանն իմանում է տեղեկատվական համակարգի միջոցով:
Արգիշտի Մեխակյան (Խոյ համայնքի ղեկավար) - Նախկինում եթե քաղաքացին մի տեղեկանքի համար կաբինետից կաբինետ էր անցնում, այստեղ բոլոր ծառայությունները մեկ վայրում են: Հետագայում, համագործակցելով մի շարք պետական մարմինների հետ, այստեղ կսպասարկվեն նաև պետական ծառայությունների մասով:
Թափանցիկ արկղը նախատեսված է կարծիքների համար, բայց բնակիչներն այն նաև առաջարկների նպատակով են օգտագործում: Ցանկություն են հայտնել, որ կտակների կազմման գործընթացը ևս ներառվի քաղաքացիների սպասարկման ծառայության ցանկում:
Լալա Դավթյան (Քաղաքացիների սպասարկման գրասենյակի համակարգող) - Դժվարություն է առաջանում կտակների հետ կապված. գյուղերի բնակիչները գնում են Էջմիածին՝ նոտարական գրասենյակներ, մինչդեռ տարիներ առաջ այդ ծառայությունը մատուցվել է համայնքում:
Խոյ համայնքում փորձարկվել է նաև սպասարկման շարժական գրասենյակը: Անիվների վրա ծառայությունը կհասնի տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների տներ` հնարավորություն ընձեռելով սպասարկել նույնիսկ անկողնային պայմաններում: