Կվերահսկվեն ու կխստացվեն փողոցում հնչող երգ-երաժշտության պայմանները. Կառավարության առաջարկով այս լիազորությունը կվերապահվի համայնքի ավագանուն: Փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլ բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների՝ կարծում են նախագծի հեղինակները:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Խոսքը վերաբերում է շրջիկ երաժշտական գործիքներով կատարումներին, երգերին, ամենատարբեր տիպի գործունեության, որին մենք հատկապես ականատես ենք լինում Երևանում, հատկապես կենտրոնում:
Փոխնախարարը նշեց՝ բացօթյա ստեղծագործական գործունեությունը համայնքային կյանքի մթնոլորտն ու ճաշակն է ձևավորվում: Համայնքի կամ բնակավայրի առանձնահատկություններից ելնելով՝ կսահմանվեն կանոններ, խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Վաչե Տերտերյան - 100-ից մինչև 200-ապատիկի չափով, իսկ կրկնակի կատարելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 500-800-ապատիկի չափով: Նախատեսվում է նաև անձնական սեփականության առարկաների բռնագրավումը, որոնք այդ խախտումները կատարելու գործիք են:
Խնդիրը միշտ եղել է, սակայն վերջերս՝ կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը որևէ կերպ չի կանոնակարգվում՝ ասաց Տերտերյանը: Ըստ նրա՝ նման դրսևորումների վառ օրինակների հանդիպում ենք Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում, Գառնու տաճարի հարակից հատվածում, Գյումրիի հրապարակի հարակից տարածքներում և այլն:
Վաչե Տերտերյան - Մինչև ուշ գիշեր ականատես ենք լինում անհասկանալի տպավորություն ձևավորող բաների, էլ չասած՝ տեսքի ու ճաշակի:
Օրենսդրական նախաձեռնության նպատակը բացօթյա վայրերում ստեղծագործական գործունեություն ծավալողների նկատմամբ սահմանափակումներ կիրառելը չէ, այլ՝ խնդրի կանոնակարգումը, վստահեցրեց փոխնախարարը: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը: Խորհրդարանականներն առաջարկեցին նախ կիրառել զգուշացման, այնուհետև միայն պատիժիչ մեթոդները: Նախագիծը դեռևս մանրակրկիտ կքննարկվի՝ վստահեցեց Վաչե Տերտերյանը: Հանձնաժողովն օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն:
Հեղինակ՝ Անի Օհանյան