Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է պատանդ դառնա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև մրցակցությանը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում նոր երկամյա եվրոպական առաքելության տեղակայմանը՝ նա շեշտել է՝ ԵՄ-ն կարծում է, որ Մոսկվան սխալվում է՝ համարելով, որ Եվրամիության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ: Նա հավելել է, որ ԵՄ-ն տեղյակ է 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու հարցում Ռուսաստանի դերակատարման մասին:
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը մեր ընդհանուր հարևան տարածաշրջանում: Առավել կարևոր է այն, որ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։ Եվրամիությունն, իհարկե, այս հարցով կապի մեջ է եղել նաև Ադրբեջանի իշխանությունների հետ»,- պարզաբանել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:
Պետեր Ստանոն ընդգծել է, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է, և այն կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք գործադրվում են ԵՄ-ի կողմից: «Եվրամիությունը ստանձնեց այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- շեշտել է Պիտեր Ստանոն։
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Առաքելությունն ունի երկու տարվա մանդատ: Նախատեսվում, որ այն կսկսի լիարժեքորեն գործել առաջիկա շաբաթներին: