Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից Ստեփանակերտ են տեղափոխվել 15 երեխա և նրանց ուղեկցող 3 մանկավարժ:
Վարդուհի Բալայան (ծնող) - Առանց ծնողական խնամքի մնացել են իրենց ղեկավարների, իրենց խմբավարների հետ, որոնց մենք շատ շնորհակալ ենք, երախտապարտ ենք նրանց իրենց մայրական հոգատարության, իրենց ջերմ վերաբերմունքի, ամեն ինչի համար, և բոլոր նրանց, ովքեր խնամքի տակ են առել մեր երեխաներին, ովքեր հոգ են տարել մեր բալիկների համար:
Երեխաները Երևան էին մեկնել «Մանկական Եվրատեսիլը» դիտելու համար և պետք է Արցախ վերադառնային դեկտեմբերի 12-ին, սակայն, ադրբեջանցի կեղծ բնապահպաններն այդ օրվանից փակ են պահում Լաչինը:
Ալեքս Սարգսյան (աշակերտ) - Երբ իմացանք, որ արդեն գալու ենք, շատ ուրախացանք: Ուրախությանս չափ ու սահման չկար, ու հիմա շատ ուրախ ենք, որ ծնողների հետ ենք:
Ծնողներն ու հարազատները երեխաներին դիմավորել են Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի մոտ: 10-ամյա Ինեսսան խմբի կրտսերն է:
Ինեսսա Գրիգորյան (աշակերտ) - Ես շատ ուրախացա, որ մայրիկիս տեսա, նույնիսկ իմ ընկերներին:
47 օր հետո երազանք է կատարվել` ասում է թոռանը դիմավորելու եկած Լիանա Իսրայելյանը:
Լիանա Իսրայելյան (տատիկ) - Ինչքան խոսել է, միշտ հազիվ է պահել հուզմունքը, արցունքները: Բայց ինքը այնտեղ է դիմացել, ծածուկ պահել, մենք՝ այստեղ: Իրար ցույց չենք տվել մեր դժվար օրերը, պահերը:
ԱՐՑԱԽՑԻ ԿԱՆԱՅՔ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա աշխարհի ուշադրությունն են հրավիրել արցախցի մի խումբ կանայք: Նրանք նամակով դիմել են Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
«Մենք մատնված ենք սովի և ցրտի ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք Ադրբեջանի կողմից կազմակերպված շրջափակման մեջ ենք: Ադրբեջանը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Դա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։
Տիկին ֆոն դեր Լեյեն, անցած ամառ Դուք պայմանագիր եք ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին։ Եվրոպայում ապրող երեխաները չեն ցրտահարվի, իսկ մեր երեխաները չեն կարող հաճախել մանկապարտեզ և դպրոց ջեռուցման բացակայության պատճառով։ Մեր բժիշկները զրկվել են վիրահատություններ կատարելու և կյանքեր փրկելու հնարավորությունից: Մեր 120 հազարանոց բնակչությունը հայտնվել է Ալիևի գերության մեջ»:
ԱՐՑԱԽՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
Մարիամ Աբրահամյանը 3 երեխայի մայր է: Ասում է՝ մանկահասակների ծնողների համար կրկնակի դժվար է:
Մարիամ Աբրահամյան (Արցախի բնակիչ) - Կաթնախառնուրդները դժվար են գտնվում, անհրաժեշտ մի խումբ դեղորայք, որոնց խմբում են պարտադիր հակաբիոտիկները, տակդիրի պակասուրդ ևս կա:
Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման հաճախակի խափանումների պատճառով Արցախում փակ են դպրոցներն ու մանկապարտեզները: Արցախում 515 քաղաքացի ունի վիրահատության կարիք, բայց ադրբեջանական շրջափակման պատճառով դեղորայքի սղության պայմաններում զրկված է այդ հնարավորությունից: