ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն Ազգային ժողովում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին և ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարին։
«Շնորհակալություն հայտնելով մեր տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ԵՄ ջանքերի համար` բարձր եմ գնահատել ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը և Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծումը։
Հյուրերին մանրամասնորեն ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրադրությունը և դրա հնարավոր հետևանքները տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։
Անդրադարձել ենք նաև ԵՄ֊Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին տարբեր համատեքստերում, ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին և մի շարք այլ հարցերի»,- գրել է Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում։