Արաբկիր վարչական շրջանի 51-րդ փողոցի այս ցուցանակին փոխարինում է հայ ժողովրդի մեծ բարեկամի անունը: Երևանի ավագանին դեռ 2022-ի նոյեմբերին է որոշում ընդունել փողոցն անվանակոչել դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի անվամբ: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ փողոցի անվանակոչումը հարգանքի տուրք է հազարավոր հայ մանուկներին երկրորդ կյանք պարգևած «մեծ մայրիկի» հիշատակին:
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Մենք կարևորում ենք անձանց, ովքեր եղել են հայ ժողովրդի կողքին մեր ամենածանր օրերին: Ցեղասպանության տարիներին նա փրկել ու կրթել է հազարավոր հայ մանուկների, և սա, կարծում եմ՝ փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը պիտի տա այդ մարդուն:
Մասնագիտությամբ բժիշկ Մարիան Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերի մասին լսելուց հետո «Կանանց առաքելության աշխատողների» շարքում առաջինն էր, որ 1907-ին հասավ Խարբերդ: Երեխաներին ջարդերից փրկելու համար սկզբում որդեգրեց երեքին, կարճ ժամանակ անց նրա խնամքի տակ մոտ երեք ու կես հազարն էին: Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպանը հպարտորեն է նշում. իր ծնողներն այն գյուղից են, որտեղ ծնվել, մեծացել է Մարիա Յակոբսենը:
Անն Թովթ Սորենսեն (Հայաստանում Դանիայի դեսպան) - Մարիա Յակոբսենի թողած ժառանգության շնորհիվ է, որ այսօր հպարտ եմ զգում ինձ Հայաստանում որպես դանիացի: Մարիան ոչ միայն փրկեց, այլև իր հարկի տակ՝ Լիբանանի «Թռչնոց բույն»կոչվող որբանոցում կրթեց հայ երեխաներին:
Նրանցից մեկի ժառանգը Բեյրութից Հայաստան հայրենադարձված Ռուբեն Հաբեշյանն է: Մոր պատմություններից Մարիա Յակոբսենի հետ նամակներից է ճանաչում հայ ժողովրդի բարեկամին:
Ռուբեն Հաբեշյան - Նամակներից հիշում եմ, որ նա գրել էր. «Երկրագնդի վրա կա մի ազգ՝ հայ ազգը, որին կոտրել հնարավոր չէ»: Ոչ մեկը ոչինչ չի կարող ժխտել, ես ինձ նրա ժառանգներից եմ համարում՝ աշխատելով սոցիալական ապահովության ոլորտում արդեն 61 տարի:
Շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ բազմաթիվ հայտնի գործիչների անուններով հասցեներ չկան: Փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ առաջիկայում նոր անվանակոչումներ կլինեն: