ԱՄՆ-Ը ՀԱՆՁՆԱՌՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ՊԱՏԵԼ
ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցի ընթացքում:
«Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասել է Պատելը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար, և նա մեծ ուշադրություն է դարձնում և անձամբ ներգրավված է գործընթացին:
ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի շրջանային դատարանը չեղարկել է քաղաքի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին ձերբակալելու մասին որոշումը: Այդ մասին հայտնել է Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոս Նարեկ Սպարտակյանը:
Նազարյանը և Կիրակոսյանը ձերբակալվել էին հունվարի 23-ին Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ Արցախին աջակցություն հայտնող ակցիայի կազմակերպման համար:
Ըստ դատարանի՝ ակցիան արտոնված չի եղել:
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ
Հունվարի 27-ին` ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է կատարվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը հետ մղելու ժամանակ սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, ևս մեկը վիրավորվել է։ Ներկայումս ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին ձերբակալել են: Թեհրանի ոստիկանապետի խոսքով՝ հարձակվողը գործել է անձնական դրդապատճառներով:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է տեղի ունեցած զինված հարձակումը և ցավակցություն է հայտնել սպանվածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։ Քանանին հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել, և նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանձնարարությամբ հարցը քննվում է առաջնահերթությամբ՝ պարզելու գործողության չափերն ու հարձակվողի շարժառիթը։ Միաժամանակ պաշտոնից հեռացվել է Թեհրանի ոստիկանապետը, երբ հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, որ դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովող ոստիկանը ոչինչ չի անում հարձակումը կանխելու համար: Նշվում է, որ նա զինված չի եղել:
Մամուլի խոսնակը հավելել է, որ նախնական հետաքննության արդյունքները վկայում են հարձակվողի անձնական դրդապատճառների մասին, ուստի խորհուրդ է տվել լրատվամիջոցներին՝ զերծ մնալ ոչ հավաստի լուրերի հրապարակումներից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ տարհանում է Թեհրանում իր դիվանագիտական առաքելությունը՝ նշելով, որ տեղի ունեցածը իրանական մամուլում հակաադրբեջանական արշավի հետևանք է:
ՄԻԵԴ 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏԸ
Միայն 2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 23 որոշում է կայացրել՝ կապված Ադրբեջանի դեմ բողոքների հետ։ Միաժամանակ 22 որոշման մեջ հաստատվել է իրավունքների խախտման փաստը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վերաբերյալ ՄԻԵԴ որոշումների մոնիտորինգի խումբը։ 2022-ին Ադրբեջանի դեմ քննվող գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտումը՝ 9 որոշում:
Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ն Ադրբեջանի մասով ունի 274 վճիռ։ Միայն երեք դեպքում դիմումատուների իրավունքների խախտում չի հայտնաբերվել։ Միաժամանակ, Ադրբեջանը հակառեկորդ է սահմանել ազատ ընտրությունների իրավունքի և Մարդու իրավունքների և ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման առումով։ Որոշումներին սպասող դիմումների քանակով Ադրբեջանը ՄԻԵԴ-ում զբաղեցնում է 8-րդ տեղը։
ՂՐՂԶՍՏԱՆՆ ՈՒ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՆ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ
Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են պետական սահմանի ընդհանուր հատվածի սահմանազատման գործընթացը։ Այդ մասին Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո։
«Համապատասխան համաձայնագրի ստորագրումով վերջ դրվեց սահմանային հարցերին: Այսօր մենք ստորագրեցինք նաև հռչակագիր Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին»,- ասել է Ժապարովը և վստահեցրել, որ այդ քայլը «կնպաստի կայունությանն ու անվտանգությանը Կենտրոնական Ասիայում»։
ՎՐԱՍՏԱՆԸ ԿՍԿՍԻ ԱԹՍ-ՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի պաշտպանության նախարարության «Կրծանիսի» զորավարժարանում տեղի են ունեցել վրաց-լեհական համատեղ արտադրության հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքներ։ Միջոցառմանը մասնակցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք ապրիլից կսկսենք անօդաչու թռչող սարքերի՝ հետախուզական և այսպես կոչված «կամիկաձեների» զանգվածային արտադրությունը»,- լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Սպասվում է, որ տարեկան կարտադրվի մինչև 1500 դրոն։ FLY EYE հետախուզական դրոնը նախատեսված է բոլոր կլիմայական գոտիներում և ռադիոէլեկտրոնային պայմաններում բարձր ճշգրտության առաջադրանքներ կատարելու համար, հայտնել է Պաշտպանության նախարարությունը: Անօդաչու թռչող սարքն ապահովում է գաղտնի հսկողության և տվյալների վերլուծության հնարավորություններ իրական ժամանակում: