Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, որի ժամանակ սպանվեց դեպանատունը հսկող անվտանգության ծառայության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվեցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տարհանում Է իր դիվանագիտական առաքելությունը՝ Իրանին մեղադրելով անցյալում իրենց հասցեին սպառնալիքների մասին հաղորդագրությունները լուրջ չընդունելու համար: Միաժամանակ Իրանի իշխանությունները պաշտոնից հեռացրել են ոստիկանապետին ժամեր անց այն բանից հետո, երբ հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, որ ոստիկանը ոչինչ չի անում հարձակումը կանխելու համար, գրում է The Washington Post-ը:
Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «ներկայումս ընթանում է այդ նենգ հարձակման հետաքննությունը»: Նախարարությունը նաև հայտարարել է, որ «վերջերս Իրանում հակաադրբեջանական արշավը նպաստել է մեր դիվանագիտական առաքելության վրա նմանատիպ հարձակումներին»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ հարձակումն անվանել է «ահաբեկչական գործողություն»։
Դեսպանատան վրա հարձակման մասին շրջանառվում են տարբեր տեղեկություններ: Իրանի պետական հեռուստատեսությունը մեջբերել է ոստիկանապետ Ռահիմիի խոսքն այն մասին, որ հարձակման ժամանակ գրոհայինն իր երկու երեխայի հետ է մտել դեսպանատուն: Սակայն Ադրբեջանում դեսպանատան ներսում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները, որոնք համապատասխանում են մեկ այլ տեսագրությանը, ցույց են տվել, որ հարձակվողը դեսպանատուն է ներխուժել միայնակ։
Իրանի դատախազ Մոհամմադ Շահրիարին ասել է, որ հրաձիգի կինն անհետացել է ապրիլին դեսպանատուն այցից հետո: Ըստ Շահրիարիի՝ հրաձիգը ենթադրել է, որ հարձակման ժամանակ իր կինը դեռ դեսպանատանն է, չնայած դա եղել է մոտ ութ ամիս առաջ:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ իր երկիրը վճռականորեն դատապարտում է հարձակումը, որի հետաքննությունն իրականացվում է «բարձր առաջնահերթությամբ ու նրբանկատությամբ»: