ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ հերթական ճեպազրույցի ընթացքում: «Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների, ինչպես նաև՝ տարածաշրջանի գործընկերների հետ»,- ասել է Պատելը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար, և նա մեծ ուշադրություն է դարձնում և անձամբ ներգրավված է գործընթացին, հավելել է դիվանագետը:
ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի շրջանային դատարանը չեղարկել է քաղաքի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանին և ակտիվիստ Էլեն Կիրակոսյանին ձերբակալելու մասին որոշումը: Այդ մասին հայտնել է Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոս Նարեկ Սպարտակյանը: Նազարյանը և Կիրակոսյանը ձերբակալվել էին հունվարի 23-ին Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ Արցախին աջակցություն հայտնող ակցիայի կազմակերպման համար: Ըստ դատարանի՝ ակցիան արտոնված չի եղել:
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ
Առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում զինված հարձակում է կատարվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը հետ մղելիս սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների՝ դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարը, ևս մեկը վիրավորվել է։ Ներկայումս ադրբեջանական կողմը շտապ հետաքննություն է անցկացնում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողին ձերբակալել են: Թեհրանի ոստիկանապետի խոսքով՝ հարձակվողը գործել է անձնական դրդապատճառներով:
ՄԻԵԴ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑՐԵԼ Է 274 ՎՃԻՌ
Միայն 2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 23 որոշում է կայացրել՝ կապված Ադրբեջանի դեմ բողոքների հետ։ Միաժամանակ 22 որոշման մեջ հաստատվել է իրավունքների խախտման փաստը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումների մոնիթորինգի խումբը։ 2022-ին Ադրբեջանի դեմ քննվող գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտումը՝ 9 որոշում:
Ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ-ն Ադրբեջանի մասով ունի 274 վճիռ։ Միայն 3 դեպքում դիմումատուների իրավունքների խախտում չի հայտնաբերվել։ Միաժամանակ, Ադրբեջանը հակառեկորդ է սահմանել ազատ ընտրությունների իրավունքի և Մարդու իրավունքների և ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման առումով։ Որոշումներին սպասող դիմումների քանակով Ադրբեջանը ՄԻԵԴ-ում զբաղեցնում է 8-րդ տեղը։