Ռուսական կողմը հաստատում է Մոսկվայում արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա կարծիքով՝ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ և բանակցային գործընթացի սառեցման պատճառ: Զախարովան նշել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմային:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Ի տարբերություն շատ արտաքին դերակատարների, որոնք սահմանափակվում են հայտարարություններով և լիցքաթափման կոչերով, ռուսական կողմը իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Մենք դիմում ենք Բաքվին և Երևանին՝ քաղաքական կամք դրսևորելու՝ առկա տարաձայնությունները հնարավորինս արագ լուծելու համար»,- ասել է ԱԳՆ խոսնակը: