Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումը։ Նա խորին ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով սպանված անվտանգության աշխատակցի ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։ Քանանին հայտնել է, որ Իրանի իշխանությունների հատուկ հանձնարարականով քրեական գործ է հարուցվել, և հարցը քննվում է առաջնահերթությամբ՝ պարզելու գործողության չափերն ու հարձակվողի շարժառիթը։
Մամուլի խոսնակը հավելել է, որ նախնական հետաքննության արդյունքները վկայում են հարձակվողի անձնական դրդապատճառների մասին, ուստի խորհուրդ է տվել լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ հավաստի լուրերի հրապարակումներից։
Քանանին նշել է, որ այս առնչությամբ ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։