«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքը հիմնանորոգվել է: Հիմա մաքսայինի աշխատողները բոլորին սպասարկում են մեկ հարկում, մեկ պատուհանի սկզբունքով:
Գարիկ Մինասյան (ՀՀ ՊԵԿ արևմտյան մաքսատուն-վարչության պետ) - Նախկինում ֆիզիկական անձը, եթե, օրինակ՝ պատվիրում էր մի առաքանի, որը մաքսային հսկողության նկատառումներից ելնելով պահվում էր մաքսատանը, ֆիզիկական անձը մոտենում էր մաքսատուն, անցնում էր առնվազն 10 քայլ պարունակող գործողություններ՝ առաջին հարկ, երկրորդ հարկ, մի սենյակից մյուսը, հետո նորից առաջին հարկ, մինչև ստանում էր իրա ծանրոցը:
Մաքսայինին հատկացված տարածքը նաև վերազինվել է, տեղադրվել է հերթերի կառավարման ավտոմատ համակարգ: Քաղաքացին կարող է անգամ նախապես այցելության ժամ պատվիրել հավելվածի միջոցով: Փոփոխությունները Մաքսայինն իրականացրել է «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի, փոխադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ գործակցելով: Այստեղ արդեն հնարավոր է ինքնուրույն հայտարարագրում անել և չդիմել մաքսային միջնորդի:
Ինեսա Ղազարյան (ՀՀ ՊԵԿ արևմտյան մաքսատուն-վարչության ավագ մաքսային տեսուչ) - Քաղաքացիները կարող են ստեղ ինքնահայտարարագրում անել, մեր ներկայությամբ, մեր օգնությամբ, առաջին քայլից մինչև վերջ կբացատրեն ոնց ա ընթացակարգը, ոնց եք սկսում և ոնց ավարտում:
Նարեկ Ավետիսյանի ընկերությունը երկար տարիներ ներմուծմամբ ու արտահանմամբ է զբաղվում, ասում է՝ փոփոխությունն ակնհայտ է:
Նարեկ Ավետիսյան (տնտեսվարող) - Հարկերով վազելու խնդիր կար, մարդկային կուտակումների, հերթերի խնդիր կար: Մեկ անձը մոտենում ա պատուհանին, իր հետ գործակցող մաքսավորի հետ մի քանի րոպե ա տևում, քանի որ ծրագրային բարեփոխումներ կան:
Պարզեցվել է նաև փոխադրող ընկերությունների հետ աշխատանքը: Կարգոյում գտնվող նրանց ներկայացուցիչները հիմա շատ գործառույթներ իրականացնում են հաճախորդի փոխարեն:
Տարոն Ղանդիլյան (թոստային առաքումներով զբաղվող ընկերության աշխատակից) - Հաճախորդը էլ չի գալիս, հերթին սպասում, որ մուտք գործի պահեստ, պահեստից հետո սպասի մյուս պատուհանների հերթերին, դրա փոխարեն կատարում ենք մենք, բեռները զննվում են մեր ներկայությամբ, երբ հաճախորդը գալիս ա ստեղ, մենք տրամադրում ենք ամբողջ թղթային պատմությունը:
Եթե նախկինում Կարգո համալիրի մաքսայինը օրվա ընթացքում սպասարկում էր մինչև 300 քաղաքացի, հիմա հերթերի կառավարման համակարգն ու մեկ պատուհանը թույլ են տվել սպասարկվող քաղաքացիների թիվը հասցնել մինչև 700-ի: 6 ժամ տևող գործարքներն էլ հիմա առավելագույնը կես ժամում են իրականացվում: