ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԿԻԵՎԻՆ
ԱՄՆ-ի Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի հետ հեռախոսազրույցում քննարկել է արևմտյան երկրների ռազմական օգնությունը Կիևին՝ նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ: Պաշտոնյաները կանխատեսումներ և գնահատականներ են հնչեցրել Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ: Միլլին վերահաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցությունը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ հեռախոսով քննարկել է Կիևին Ամերիկյան M1 Abrams տանկերի մատակարարման հարցը:
Նախօրեին ԱՄն նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ 31 միավոր Abrams տանկեր մատակարարելու որոշման մասին: Բայդենը, սակայն, շեշտել է, որ Ռուսաստանի վրա հարձակման վտանգ տանկերի մատակարարումը չի պարունակում: Իր հերթին Գերմանիայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինային 14 Leopard 2 տանկ կուղարկի գերմանական զինված ուժերի պաշարներից և այլ երկրներին վերաարտահանման թույլտվություն կտա: Ուկրաինային տանկեր փոխանցելու մտադրության մասին հայտարարել են նաև Նորվեգիան, Սլովակիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը:
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԱՐՏՈՆԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ
Ֆինլանդիան արտոնել է պաշտպանական արտադրանք արտահանել Թուրքիա՝ հայտնել է Թուրքիայի հետ բանակցություններում Ֆինլանդիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռիյկա Պիտկյանենը։
«Պաշտպանության նախարար Միկո Սավոլան տրանսպորտային միջոցների պաշտպանության համար օգտագործվող պողպատը Թուրքիա արտահանելու թույլտվություն է տվել»,- նշել է Պիտկյանենը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պահանջով անորոշ ժամանակով դադարեցվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրն անիմաստ է համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպելը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Նախարարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի առանձին անդամակցելու պաշտոնական առաջարկ չկա։
ՃԱՊՈՆԻԱՆ H-2A ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ճապոնիան իրականացրել է H-2A հրթիռի արձակումը նոր հետախուզական արբանյակով, որը նախատեսված է նաև ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին հետևելու համար: Radar 7 անվանումով սարքը պետք է մտնի արդեն գոյություն ունեցող ութ հետախուզական արբանյակների խմբավորման կազմի մեջ։ Ճապոնիան հետախուզական արբանյակների արձակման պետական ծրագիրը նախաձեռնել էր 1998 թ., երբ Հյուսիսաին Կորեան գործարկել էր Taphodon 1 հրթիռը: Այդ ժամանակից ի վեր ծրագրի շրջանակում արձակվել է ավելի քան 15 արբանյակ, որոնց մի մասն այլևս չի օգտագործվում շահագործման ժամկետի ավարտի պատճառով: