«Ինձ 680.000 եվրո էին առաջարկում, մի տարեց, վատառողջ կին: Մի քանի անգամ փորձեր արեց, բայց ես հրաժարվեցի զանգահարելուց և գումարից: Արգելափակեցի». սոցիալական ցանցերում կիբեռհանցագործության մասին հերթական ահազանգ-գրառումն է: Ձեռագիրը գրեթե նույնն է՝ ուղարկում են խուճապ առաջացնող նամակներ, տեսանյութեր, հղումներ, սակայն այս անգամ թիրախում հիմնականում ոչ թե օգտահաշիվներն են, այլ էջերը:
Այսպես տարբեր էջերից հրապարակում են տարածում, կից նշում հայկական էջեր և գրում, որ հայտնաբերվել են խախտումներ, օրինակ՝ օգտագործել եք կեղծ անուն, լուսանկար, կիսվել անթույլատրելի բովանդակությամբ կամ էլ ինչ-որ մեկին վիրավորել եք: Ապա շարունակում են՝ եթե կարծում եք, որ նշված տեղեկությունը սխալ է, 15 օրվա ընթացքում հաստատեք կից հղումով:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Հիմնականում ադրբեջանցիք և թուրքական հաքերներն են օգտագործում, բայց ոչ միայն: Ինչ են անում, ստեղծում են ինչ-որ կեղծ էջեր, որոնք տպավորություն կստեղծեն, որ Ֆեյսբուքինն են, Ֆեյսբուքի անվտանգությանն են, ինչ-որ օգնության բաժնինը և այլն:
Հղումը սեղմելիս գաղտնաբառ են պահանջում, ինչից հետո օգտատիրոջ կողմից կառավարվող էջերը անմիջապես հայտնվում են նրանց ձեռքում և օգտագործվում տարբեր նպատակներով:
Սամվել Մարտիրոսյան - Գաղտնաբառը մարդ մտնում է, լրացնում, իրենք մտնում են իր հաշիվը, անմիջապես մտնում են բոլոր էն էջերը, որտեղ ինքը ադմին է, իրեն դուրս են շպրտում, իրենք են դառնում ադմին ու հետո տարբեր բաներ կարող են անել` սկսած նրանից, որ էջն են գողանում, ուրիշ բանի համար օգտագործում, նաև լինում է, որ էդ մարդու քարտից սկսում են գումար օգտագործել, գովազդ դնել Ֆեյսբուքում:
Մասնագետը զգուշացնում է՝ Ֆեյսբուքը բաց գրառմամբ երբեք չի դիմում օգտատիրոջը: Եթե էջն արգելափակելու խնդիր է առաջանում, առանձին հատուկ ծանուցում է գալիս, որը կա՛մ ներքին օգնության բաժնում է երևում, կա՛մ էլեկտրոնային փոստին նամակ է ուղարկվում:
Սամվել Մարտիրոսյան - Եթե նույնիսկ լավ չեք հասկանում՝ իրակա՞ն Ֆեյսբուքն է, թե՞ չէ, էդ հղումը երբ որ դուք կտացնում եք, ակնհայտ երևում է հասցեն, որ Ֆեյսբուքինը չի, նույնը անում են Ինսթագրամում ի միջի այլոց: Էնտեղ կարող է նամակ գա այդ ձևի ծանուցումով, ու միշտ հղումը տանում է (FS) ինչ-որ անհասկանալի այլ հասցեով մի տեղ, տեսքով ինքը լրիվ ոնց որ Ֆեյսբուք ու Ինսթագրամ լինի, ինչը մարդկանց խաբում է:
Եթե օգտահաշիվը կոտրելուց հետո հնարավոր է լինում այն արագ վերադարձնել, էջերը վերականգնելը երկար է տևում, դա բավականին բարդ գործընթաց է:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան