Կառավարությունը հաստատել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:
Ըստ հիմնավորման՝ ռազմական գործողությունները մեծ ազդեցություն են ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հյուրանոցային և հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեության վրա։
Առաջին հերթին, ռազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված, հյուրանոցներն ու հյուրատները մինչև 2 ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսվարողների իրացման շրջանառությունը։ Այս իրավիճակում, զբոսաշրջիկների հոսք ապահովելու նպատակով՝ հյուրանոցների և հյուրատների մեծ մասն ընդհուպ 2 անգամ նվազեցրել էր նախկինում գործող ծառայությունների արժեքը։
Ըստ այդմ՝ առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներին՝ 2022 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100 տոկոսի չափով։
Ծրագրի իրականացման արդյունքում փոխհատուցում կստանա Վայոց ձորի Ջերմուկ համայնքում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող մոտ 20 տնտեսվարող։ Գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման ծախսը, ըստ նախնական հաշվարկների, չի գերազանցի 50-60 մլն դրամը։
Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հասցեական և արդյունավետ որոշումների կայացման շրջանում հանրության հետ ամուր կապեր և շփումներ ունենալու անհրաժեշտությունը. «Այս որոշման նախապատմությունն եմ ուզում ներկայացնել: Նախորդ տարի՝ դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովի նիստը, և այդ ընթացքում մենք շփումներ ունեցանք Ջերմուկի բնակիչների, գործարար շրջանակների հետ և փորձեցինք հասկանալ, թե ինչով և ինչպես կարող ենք օգնել Ջերմուկին: Սա առաջարկներից մեկն էր, որ հենց իրենք՝ Ջերմուկի գործարար շրջանակներն են առաջարկել: Եվ մենք, 4 ամսվա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների գազի և էլեկտրաէներգիայի արդեն փաստացի ծախսը, որի համար նրանք արդեն վճարել են,100 տոկոսով փոխհատուցում ենք»: