ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:
Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի:
Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է առաքանիների բեռնում վերոնշյալ ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկ։ Ունենալով հիմնավոր կասկածներ առերևույթ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում կրկնակի զննման է ենթարկվել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Զննման արդյունքում պարզվել է, որ բեռնված առաքանիների մեջ առկա է չհայտարարագրված 10 առաքանի՝ ընդհանուր շուրջ 5,2 միլիոն ՀՀ դրամ արժեքով:
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 307-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է ավելի քան 1 միլիոն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, նշված առաքանիների ներմուծման համար արդեն իսկ հայտարարատուների կողմից վճարվել են օրենքով սահմանված մաքսային վճարները` շուրջ 485 հազար դրամի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է փոխադրողներին պատշաճ կատարել իրենց գործառույթները:
Մանրամասները՝ տեսանյութում: